ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի պաշտոնական կայքում: 

Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերի արձանագրումից հետո անցած տարիների ընթացքում մեր երկրում մեծ փորձ է կուտակվել ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ոլորտում, արձանագրվել են զգալի ձեռքբերումներ համաճարակին հակազդման գործում: Դրանք հիմնականում ապահովվել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի արդյունավետ աշխատանքով:

Երբ 1988 թվականին հանրապետությունում գրանցվեցին ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերը, ակնհայտ դարձավ, որ ամբողջ աշխարհում տարածված հիվանդության համաճարակը մուտք է գործել նաև մեր երկիր: Ի պատասխան ստեղծված իրավիճակի` ՀՀ առողջապահության նախարարության համակարգում 1989 թվականին ստեղծվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որի գործունեությունը 1997 թվականից ամրագրված է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով: 

Այսօր կենտրոնը ժամանակակից բժշկական հաստատություն է, որն ավելի քան 25 տարի գտնվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առաջին գծում և համակարգում է առողջապահական հիմնարկների աշխատանքներն այդ ոլորտում:

Կենտրոնը հանրապետությունում եզակի կառույց է, որն իրականացնում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում, հակառետրովիրուսային բուժում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն:

Իր գործունեության ընթացքում կենտրոնը հասել է նշանակալի հաջողությունների հանրապետությունում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման, բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության բարձրացման և անվտանգ վարքագծի ձևավորման գործում:

Կենտրոնը զգալի դեր է ունեցել հանրապետությունում ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության համակարգի ստեղծման, ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունների հասանելիության մեծացման գործում, ինչի արդյունքում բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը, և բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին, պետական կառավարման այլ մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իրականացվող ծրագրերին:

Կենտրոնն իրականացնում է ոչ միայն գործնական, նաև գիտական գործունեություն, մասնակցում է գիտահետազոտական տարածաշրջանային նախաձեռնություններին: Կենտրոնի աշխատակիցների գիտագործնական աշխատանքները տպագրվել են տեղական և արտասահմանյան գիտական ժողովածուներում, ներկայացվել են համաշխարհային և եվրոպական բազմաթիվ համաժողովների ժամանակ:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հաջողությամբ համագործակցում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ:

ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանն ու գիտությանը, այլև համայն մարդկությանը: Ընդունելով այդ մարտահրավերը` ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը շարունակելու է իրականացնել նպատակաուղղված գործունեություն ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման ուղղությամբ` ՄԻԱՎ վարակից զերծ սերունդ ունենալու համար:

Մաղթում եմ քաջառողջություն:

Աստված բոլորիս օգնական և պահապան: 

 

Հարգանքով՝

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման
հանրապետական կենտրոնի տնօրեն
բ.գ.դ., պրոֆեսոր
Սամվել Գրիգորյան