ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Ախտանշան

հիվանդության որևէ նշան (դրսևորում). օրինակ`գլխացավը, ջերմության բարձրացումը ախտանշաններ են:

Իմունային
անբավարարություն

զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդություններից իրեն պաշտպանելու օրգանիզմի ունակության նվազում կամ լրիվ բացակայություն, որը պայմանավորված է իմունային պատասխանի համար պատասխանատու բջիջների ֆունկցիոնալ ակտիվության ընկճմամբ կամ անբավարարությամբ:

Իմունային պատասխան

օրգանիզմին ծագումնաբանորեն օտար նյութերի նկատմամբ իմունային համակարգի պատասխանը:

Իմունիտետ

վարակային հիվանդությունների հարուցիչների կամ դրանց թույների նկատմամբ օրգանիզմի բնածին կամ ձեռքբերովի անընկալունակության վիճակ:

Իմունաբլոտ

ՄԻԱՎ վարակի ախտորոշումը հաստատող շճաբանական մեթոդ: Ըստ էության, իմունաբլոտը ԻՖԱ մեթոդի տարատեսակն է: Սակայն սա ավելի յուրահատուկ մեթոդ է, քանի որ հնարավորություն է տալիս հայտնաբերելու հակամարմիններ վիրուսի որոշակի սպիտակուցների նկատմամբ:

Իմունաֆերմենտային անալիզ

արյան շիճուկում վիրուսի կամ այլ հակածինների նկատմամբ ընդհանուր հակամարմինների հայտնաբերման մեթոդ:

Կախվածություն

թմրամիջոց ընդունելու անհրաժեշտությունն է լավ զգացողություն ունենալու կամ վատ զգացողությունից խուսափելու համար. լինում է հոգեբանական և ֆիզիկական:

Հակածին

 

 

օրգանիզմ ներթափանցած օտար սպիտակուցային բնույթի մարմիններ, որոնք յուրահատուկ կերպով ազդում են իմունիտետի համար պատասխանատու բջիջների վրա և խթանում հակամարմինների գոյացումը: Վիրուսները, բակտերիաները, նախակենդանիները, սնկերը, տրանսպլանտանտները (հյուսվածքներ, օրգաններ), նաև օրգանիզմի չարորակ կազմափոխման ենթարկված բջիջները հակածիններ են:

Հակամարմին

 


սպիտակուցային բնույթի նյութ, որն օրգանիզմն արտադրում է ի պատասխան հակածինների` դրանք վերացնելու կամ չեզոքացնելու համար: ՄԻԱՎ վարակի դեպքում օրգանիզմի արտադրած հակամարմիններն արդյունավետ չեն և վիրուսը չեն չեզոքացնում: Այդ հակամարմինները ծառայում են որպես մարկերներ` օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու համար:

Հակառետրովիրուսային բուժում

բուժում, որը դանդաղեցնում է ՄԻԱՎ վարակի զարգացումը, հնարավորություն է տալիս երկարացնելու ՄԻԱՎ վարակով հիվանդի կյանքն ու բարելավելու դրա որակը:

Հակառետրովիրուսային դեղամիջոցներ

դեղամիջոցներ, որոնք ճնշում են օրգանիզմում ՄԻԱՎ-ի բազմացումը և դրանով իսկ կասեցնում իմունային համակարգի քայքայումը:

Համախտանիշ

 

ախտանշանների ամբողջություն, որոնք բնորոշ են որոշակի հիվանդության. օրինակ` անգինայի համախտանիշը ներառում է հետևյալ ախտանշանները` ջերմաստիճանի բարձրացում, բկանցքի կարմրություն, ցավ կլման ժամանակ և այլն:

ՄԻԱՎ-ի նկատմամբ բացասական

մարդ, որի օրգանիզմում չի հայտնաբերվել ՄԻԱՎ:

ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական

մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել է ՄԻԱՎ:

Մուտացիա

գենոտիպում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություն, որը հետագա սերունդներում առաջացնում է հատկանիշի կայուն փոփոխություն:

Պանդեմիա

համաճարակ, որն ընդգրկում է մի քանի երկրների կամ մայրցամաքների բնակչությանը:

Պալիատիվ բուժում

բուժում, որը չի առողջացնում, սակայն մեղմում է հիվանդության դրսևորումները և թեթևացնում հիվանդի տառապանքները: 

Պայմանական ախտածին հարուցիչներ

հարուցիչներ, որոնք դրսևորում են իրենց հիվանդություն առաջացնելու ընդունակությունը (ախտածնությունը) իմունային համակարգի անբավարար գործունեության ժամանակ: Այդ մանրէներից շատերը գտնվում են գրեթե բոլոր մարդկանց օրգանիզմում, սակայն նորմալ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ դրանք սովորաբար հիվանդություն չեն առաջացնում:

Ռիսկի գործոն

գործոն, որը հիվանդության զարգացման անմիջական պատճառ չէ, սակայն մեծացնում է դրա առաջացման հավանականությունը:

Ռիսկային վարքագիծ

վարքագիծ, որը կարող է ՄԻԱՎ-ով վարակման պատճառ դառնալ (օրինակ` առանց պահպանակի սեռական հարաբերություններ, չախտազերծված ներարկիչների և ասեղների օգտագործում և այլն):

Վիրուսային ծանրաբեռնվածություն

արյան պլազմայում ազատ շրջանառվող վիրուսների քանակը:

Օպորտունիստական վարակներ

իմունային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ զարգացող վարակներ, որոնք պայմանավորված են պայմանական ախտածին հարուցիչներով:

Օփիատներ

թմրամիջոցների խումբ, որոնց պատրաստման համար օգտագործվում է ափիոնի կակաչը:
CD4 բջիջներ բջիջներ, որոնց առավելապես ախտահարում է ՄԻԱՎ-ը: Ըստ այս բջիջների քանակի` կարելի է պատկերացում կազմել իմունային համակարգի վիճակի մասին: Դրանց ցածր մակարդակը վկայում է իմունային համակարգի լուրջ ախտահարման մասին: