Շարունակվում են Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի աշխատանքները

03.07.15

Երևանում իր աշխատանքներն է շարունակում Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը:

Հուլիսի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացան մի շարք քննարկումներ տարբեր սեկցիաներում: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը համանախագահում էր «Ինֆեկցիոն հիվանդություններ, ՄԻԱՎ, տուբերկուլոզ» խորագրով սեկցիան, որի ընթացքում նաև հանդես եկավ «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման միտումները և դրան հակազդման հնարավորություն­ները» թեմայով ներկայացումով:

Ս.Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը, խոսեց ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման առանձնահատկությունների, համաճարակին արդյունավետ հակազդմանն ուղղված քայլերի, միգրանտներին և նրանց զուգընկերներին ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրման մասին:

     

Ս.Գրիգորյանը նշեց, որ մեր երկրում ՄԻԱՎ վարակի տարածումն ունի որոշակի առանձնա­հատ­կութ­յուններ տարածաշրջանի այլ երկրների համեմատ: Մասանավորապես ՀՀ-ում վարակի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է (2014թ.` 79%), վերջին տարիներին էապես նվազել է արձանագրվող դեպքերի ընդհանուր կազ­մում «դասական ռիսկի խմբերի»` թմրամիջոցների ներարկային օգտա­գոր­ծող­ների, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կա­նանց, հոմոսեքսուալ հարաբերություններ ունեցող տղամարդկանց մասնաբաժինը (2014թ.՝ 16%), արձանագրվող դեպքերի թվում զգալի է միգրացիայի ազդեցությունը (2012-2014թթ.՝ 73%):

Անդրադառնալով համաճարակին արդյունավետ հակազդմանն ուղղված քայլերին` Ս.Գրիգորյանը նշեց, որ անհրաժեշտ է ընդլայնել միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքներն ու ապահովել դրանց շարունակականությունը, նաև ընդլայնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության տրամադրումը, մեծացնել այդ ծառայություններին դիմելիությունը ինչպես «դասական ռիսկի խմբերի», այնպես էլ բնակչության այլ խմբերի շրջանում` որպես ՄԻԱՎ վարակի կանխարգելման կարևոր և արդյունավետ միջոց: Անհրաժեշտ է նաև բարելավել ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը, հիվանդության վաղ ախտորոշումն ու բուժման ժամանակին տրամադրումը, որն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն: