ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների այցը ՁԻԱՀ-ի ԿՀԿ

08.12.15

Դեկտեմբերի 8-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն այցելեցին Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների բաժնի ղեկավար Ա.Բոկարյովը և նրա տեղակալ Ա.Վալկովան: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ՌԴ աջակցության ծրագրի շրջանակներում վերանորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցված ուսումնական ռեսուրսային կենտրոնի և Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայի աշխատանքներին:

ՌԴ աջակցության ծրագիրը մեկնարկել է 2013թ.: Ծրագրի իրականացման արդյունքում 2013-2015թթ. ժամանակակից սարքավորումներով հագեցվել են ինչպես մարզային լաբորատորիաները, այնպես էլ` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի լաբորատորիան: Ընդլայնվել և վերանորոգվել են ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հոգեբանասոցիալական խորհրդատվության և համաճարակաբանական հսկողության բաժինները, վերանորոգվել և ժամանակակից սարքավորումներով հագեցվել է ուսումնական ռեսուրսային կենտրոնը:

Ռուսաստանցի մասնագետների խորհրդատվական օգնությամբ բժշկական հիմնարկ­ներում ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների վերահսկման ուժեղացման նպատակով մշակվել են սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն իրականացնող լաբորատորիաների համար գործողութ­յունների ստանդարտ ընթացակարգեր: Միաժամանակ Հայաստանից տասնյակ մասնագետներ ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերի վերաբերյալ կատա­րելագործման դասընթացներ են անցել ՌԴ առաջատար կլինիկաներում և ինստի­տուտներում։ Ծրագրի շրջանակներում Հայաստանին նվիրաբերվել է շարժական բուժախտորոշիչ կլինիկա, որի բազայի վրա հանրապետության 7 մարզերի 60 գյուղական և քաղաքային համայնքների բնակչությանը տրամադրվում են ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ:

ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Ս.Գրիգորյանը նշեց, որ ՌԴ աջակցության ծրագիրը չի կրկնօրինակում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը, այլ հնարավորություն է տալիս լրացնելու առկա բացերը և ընդլայնելու ծրագրի իրականացումը՝ ընդգրկելով Հայաստանի հեռավոր համայնքները, մեծացնելով հասանելիությունը ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններին: Շնորհիվ շարժական բուժախտորոշիչ կլինիկայի և շարժական խմբերի աշխատանքի՝ հեռավոր համայնքների բնակիչները ստանում են բարձր որակավորում ունեցող մասնագետների խորհրդատվություն և անհրաժեշտ հետազոտություններ անցնելու հնարավորություն՝ ըստ իրենց բնակության վայրի:

ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ բավարարված են Հայաստանում ծրագրի իրականացման առաջին փուլի արդյունքներով, շեշտեցին, որ ՌԴ աջակցության ծրագիրը համահունչ է ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին և աջակցության իրականացվող տեսակները համապատասխանում են տնտեսական արդյունավետության պահանջներին:

ՌԴ կառավարությունը կշարունակի ծրագրի իրականացումը 2016-2018թթ.: