Նոր ծրագրեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ

06.11.13

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն` ծանոթանալու իրականացվող ծրագրերին և Կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին։ Մասնագիտացված կենտրոնն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, հիվան­դության ախտորոշում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական հիվան­դությունների կանխար­գելում և բուժում, խորհրդատվություն, մոնիտորինգ: Սկսած 2005 թվականից ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում են հակառետրովիրուսային և այլ դեղերի մատակարարում, ախտորոշիչ սարքա­վորում­ների և լաբորատոր ծախսանյութերի ձեռքբերում, կրթական, գիտահետազոտական և այլ ծրագրեր։ Կենտրոնը հագեցվել է ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներով, ունի ռեֆերենսային լաբորատորիա, որտեղ իրականացվում է հիվանդության վերջնական ախտորոշում, ինչպես նաև բուժման ընթացքում լաբորատոր հսկողություն և հակառետրովիրուսային դեղերի նկատմամբ վիրուսի կայունության հետազոտություն։

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվում են նաև կենտրոնի տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ։

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով արդեն ավարտվել է 3-5-րդ հարկերում տեղակայված բուժական և լաբորատոր-ախտորոշիչ բաժինների վերա­նորոգումը։ 

Ռուսական օգնության ծրագրի շրջանակներում այժմ ընթանում են ուսումնական ռեսուրսային կենտրոնի և ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ, որոնք ավար­տական փուլում են։

Նախարարը հարկ առ հարկ շրջելով բոլոր բաժիններում, գոհունակություն հայտնեց իրականացվող վերանորոգման աշխատանքների որակի վերաբերյալ։

Դերենիկ Դումանյանը մասնագետների հետ քննարկեց ՌԴ օժանդակությամբ այդ թվում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ և Գլոբալ հիմնադրամի համաֆինանսավորմամբ Կենտրոնի կողմից միգրանտների շրջանում նախատեսվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի իրականացման մանրամասներ։ Նախարարին ներկայացվեց, որ այդ նպատակով կազմակերպվել են շարժական խմբեր՝ ընտրված 100 համայնքում միգրանտ բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Սա չափազանց կարևոր ծրագիր է և անհրաժեշտ է համայնքների ամբուլատորիաների հետ աշխատանքներն այնպես կազմակերպել, որ մինչև միգրանտների հաջորդ մեկնումը ծրագրում հնարավորինս մեծ թվով շահառուներ ընդգրկվեն»,-ասաց նախարար Դումանյանը։

Նա հանձնարարեց մշակել և ներկայացնել ծրագրի իրականացման հստակ ժամանակացույց։ ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման տեսանկյունից նախարարը կարևորեց հետազոտման ու բուժման գաղտնիության ապահովումը։

Դերենիկ Դումանյանը նաև առաջարկեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող ՌԴ օգնության ծրագրի շրջանակներում ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների հսկողության սանիարահամաճարակային նորմերի մշակումն իրականացնել ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հետ համատեղ։