Ցուցանիշներն արտացոլում են կատարվող աշխատանքների որակը

18.05.16

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանայի և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում արձանագրվող ձեռքբերումները: 

Նախարարը ներկայացրեց Հայաստանում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման առանձնահատկությունները` ընդգծելով, որ գրանցված դեպքերի կեսից ավելին աշխատանքային միգրանտներ են և վարակվել են արտերկրում: Ամենախոցելի խմբի` միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի աջակցությամբ 60 համայնքում շարժական բժշկական խմբերի կողմից ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ են տրամադրվել: ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտություններ է անցել 17 400 մարդ, 28-ի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ։ Նրանք վերցվել են դիսպանսերային հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրման նպատակով: 

Նշվեց, որ Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2331 դեպք: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3600: Հակառետրովիրուսային բուժում է ստանում ՄԻԱՎ վարակով 1026 հիվանդ: Կարևոր ձեռքբերում է, որ մեր երկրում 2001թ. ի վեր չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք։ Իսկ կանխարգելիչ բուժում ստացած ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում 2007թ. սկսած հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել։ Հայաստանը հասել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված թիրախներին։ 

«Ցուցանիշներն արտացոլում են կատարվող աշխատանքների որակը, բայց ոչ հեռահար նպատակները»,-ասաց Արմեն Մուրադյանը` շեշտելով, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում արժանապատվորեն է ներկայանում։ 

Աշխատանքների շարունակականությունը նույն մակարդակով ապահովելու գործում Արմեն Մուրադյանն ընդգծեց «Գլոբալ» հիմնադրամի կողմից ֆինանսավորման կարևորությունը։ Նա հավելեց, որ կաջակցի այլ դոնորներ ևս գտնելու գործում։ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրենն իր գոհունակությունը հայտնեց, որ նախարարն անձամբ է գլխավորելու հունիսի 8-10-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված հատուկ նիստին մասնակցող հայաստանյան պատվիրակությունը։ 

Քննարկվեցին այդ նիստի ընթացքում աշխատանքային հանդիպումների կազմակերպման այլ հարցեր։