Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Ինչու՞ է անհրաժեշտ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ

ՄԻԱՎ-ի օրգանիզմ ներթափանցելու պահին մարդը չի ունենում ոչ մի արտասովոր զգացողություն: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ, զգալ  իրեն գործնականորեն առողջ և անգամ չկասկածել իր վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել ուրիշներին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտությամբ, որը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշաններ դեռևս չկան:

ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը կարևոր է՝

  • անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու,
  • ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու,
  • ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ ունենալու համար:

 

Ովքե՞ր ունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք

 

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն այն մարդիկ, որոնք

  • երբևէ  օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով,
  • ունեցել են առանց պահպանակի սեռական հարաբերություն անհայտ ՄԻԱՎ-կարգավիճակով զուգընկերոջ հետ,
  • երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով կամ ունեն զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ,
  • ունեն վիրուսային հեպատիտ Բ կամ Ց,
  • կատարել են դաջվածքներ չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով,
  • ունեն զուգընկեր, որը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ պետք է հետազոտվեն հղիները հղիության հնարավորինս վաղ ժամկետում:

 

Ե՞րբ է անհրաժեշտ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել հնարավոր վարակման պահից միջինը 6 շաբաթ հետո:

Մինչև ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի ճշտումն անհրաժեշտ է սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես օգտագործել պահպանակ, ձեռնպահ մնալ որպես դոնոր արյուն հանձնելուց: Կանանց խորհուրդ է տրվում այդ ընթացքում խուսափել հղիությունից, իսկ կերակրող մայրերին` հրաժարվել երեխային կրծքով կերակրելուց:

ՄԻԱՎ վարակն այլևս «մահվան դատավճիռ» չէ: Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ, որը ՀՀ-ում հասանելի է և տրամադրվում է անվճար, այսօր այն համարվում է քրոնիկ հիվանդություն, որով կարելի է երկար տարիներ ապրել, և այլևս չի նշվում ՄԻԱՎ վարակով հիվանդի կյանքի վերին սահման: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը պետք է լինի նույնքան բնական, որքան ցանկացած այլ քրոնիկ հիվանդության հայտնաբերման համար հետազոտություն անցնելը: Ըստ որում, որքան շուտ մարդն իմանա իր մոտ այս կամ այն հիվանդության, այդ թվում ՄԻԱՎ վարակի մասին, այնքան մեծ կլինեն հիվանդության արդյունավետ բուժման, հնարավոր բարդություններից խուսափելու հնարավորությունները: Եթե վիրուսն օրգանիզմում է, միևնույնն է, վաղ թե ուշ այն զգալ կտա իր գոյության մասին: Բայց որքան ուշ ախտորոշվի հիվանդությունը, այնքան դժվար կլինի պահպանել առողջությունը և, հնարավոր է, անգամ կյանքը: Մինչդեռ ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ժամանակին բուժում սկսելով և պարտաճանաչորեն այն շարունակելով, կարող է ապրել այնքան, որքան կապրեր առանց ՄԻԱՎ վարակի: Սակայն արդյունավետ բուժման կարևոր նախապայմանը վաղ ախտորոշումն է: Դրա համար անհրաժեշտ է, որ երբևէ ռիսկային վարքագիծ դրսևորած անձինք անցնեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ իրենց մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

 

Որտե՞ղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ

ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում՝ Երևան, Ավան, Աճառյան 2, նաև ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկաներում՝ համայնքային այցերի ընթացքում:

Շարժական կլինիկաների աշխատանքի ժամանակացույցի մասին կարելի է իմանալ ՁԻԱՀ-ի կենտրոնի «Վստահության հեռախոս» ծառայության միջոցով՝ (+37410)61-08-20, ամեն օր, բացի հանգստյան օրերից, ժ. 09.00-18.00:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը շատ ժամանակ չի պահանջում, պատասխանը սովորաբար տրվում է 1-2 օրվա ընթացքում, արագ թեստերով հետազոտվելու դեպքում՝ 15-20 րոպեից: Նախքան ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը և դրանից հետո Ձեզ կտրամադրվի խորհրդատվություն: Ցանկության դեպքում Դուք կարող եք ստանալ նաև հոգեբանի խորհրդատվություն:

Հետազոտության համար անհրաժեշտ արյունը վերցվում է միանվագ օգտագործման պարագաներով: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից:

 

Անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, իմացե՛ք Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը