ԲԼՈԳԵՐ
Հաճախ տրվող հարցեր
Հարց. Ի՞նչ են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը
Թեմա. ՄԻԱՎ/ՁԻԱՀ. հիմնական տեղեկություններ

ՄԻԱՎ` մարդու իմունային անբավարարության վիրուս. ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման:

ՁԻԱՀ` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ. զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:

 
Հարց. Ո՞րն է տարբերությունը ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի միջև
Թեմա. ՄԻԱՎ/ՁԻԱՀ. հիմնական տեղեկություններ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է:
ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ ՄԻԱՎ վարակով հիվանդի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևորումներ:

 
Հարց. Ինչպե՞ս է փոխանցվում ՄԻԱՎ-ը
Թեմա. ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները

ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Այդ հեղուկներն են` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերոնշյալ հեղուկները ներթափանցում են առողջ մարդու oրգանիզմ՝ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով վարակվում են.

  • առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ,
  • արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ, չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ օգտագործելիս,
  • նորածիններն իրենց ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:
 
Հարց. Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված
Թեմա. ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները

Այո, ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ: ՄԻԱՎ-ով վարակվածները չունեն յուրահատուկ արտաքին նշաններ, ուստի անհնար է պարզապես մարդուն նայելով ասել վարակված է ՄԻԱՎ-ով, թե` ոչ: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց ավելի քան երեք քառորդը չգիտի իր վարակված լինելու մասին: Հիվանդության խարդավանքը հենց նրանում է, որ այն ընթանում է երկարատև անախտանշան` թաքնված շրջանով (7-15 տարի), որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և չի էլ կասկածում իր վարակված լինելու մասին: Սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց:

 
Հարց. Ինչպե՞ս իմանալ ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին
Թեմա. Հետազոտություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Դրա համար հարկավոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն անցնել, որի արդյունքում հայտնաբերվում են իմունային համակարգի կողմից վիրուսի նկատմամբ արտադրված հակամարմինները: Հետազոտության արդյունքը կարող է լինել.

  • դրական, այսինքն` հետազոտվողի արյան շիճուկում հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ, ինչը վկայում է նրա ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին
  • բացասական, այսինքն` հետազոտվողի օրգանիզմում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվել, ինչը կարող է լինել այն դեպքերում, երբ

- մարդը վարակված չէ ՄԻԱՎ-ով,

- մարդը վարակված է ՄԻԱՎ-ով, բայց դեռևս գտնվում է «պատուհանի շրջանում»,

- մարդը ՁԻԱՀ-ի փուլում է:

 
1  2  3  >>
Կայքը մշակվել է Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս ՍՊԸ-ի կողմից