Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների ներկայացումները

12.07.19

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում հուլիսի 5-ին կայացած «Ինֆեկցիոն հիվանդություններ, ՄԻԱՎ վարակ և տուբերկուլոզ» խորագրով սեկցիոն նիստի ընթացքում բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ-ում «բուժման կասկադը»: Նա նշեց, 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի խնդիրներից մեկը «90-90-90» թիրախներին հասնելն է, ինչը նշանակում է, որ մինչև 2020թ. ՄԻԱՎ վարակի համաճարակի կասեցման նպատակով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90%-ը պետք է ստանա հակառետրովիրուսային բուժում, բուժում ստացողների 90%-ի մոտ էլ պետք է արձանագրվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ:

Ըստ բանախոսի՝ «բուժման կասկադի» կառուցումն ու վերլուծությունը հնարավորություն են տալիս վեր հանելու հիվանդության ախտորոշումից մինչև արդյունավետ բուժման ապահովման գործընթացում առկա բացերը: Վերլուծությունը ցույց է տվել, որ մեր երկրում «90»-ներին հասնելու ճանապարհին հիմնական բացերը ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակն իմացողների մասնաբաժնի և բուժման ծածկույթի ցածր լինելն է: Սակայն 2015թ. ցուցանիշների հետ համեմատությունը վկայում է, որ վերջին տարիներին դրանք զգալիորեն բարելավվել են՝ մոտենալով թիրախներին: Այսպես, եթե 2015թ. վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացել են ՄԻԱՎ-ով ապրողների ընդամենը 51%-ը, բուժում ստացել է նրանց 54%-ը, չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցել է 77%-ը, ապա 2018թ. վերջի դրությամբ այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 74%, 72% և 86%: Այսինքն ակնհայտ է Հայաստանի առաջընթացը երեք «90»-ներին հասնելու ճանապարհին:

Խոսելով իրենց ՄԻԱՎ-կարգավիճակն իմացողների թվի աճի մասին, բանախոսն ընդգծեց դրանում ՁԻԱՀ-ի կենտրոնի դերը: Մասնավորապես նա նշեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական խմբերի կողմից համայնքային ամբուլատորիաներում և 2 շարժական  կլինիկաներում տրամադրվում են ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայություններ, այդ թվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, ինչի  շնորհիվ էապես մեծացել է դրա հասանելիությունը նաև հեռավոր գյուղական և քաղաքային համայնքներում: ՁԻԱՀ-ի կենտրոնի հետևողական ջանքերի արդյունքում երկրում ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ, ինչի շնորհիվ վերջին տարիներին գրեթե բոլոր հղիներն ու տուբերկուլոզով պացիենտները հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Դրանից բացի շնորհիվ բուժաշխատողների համար ՁԻԱՀ-ի կենտրոնում անցկացվող «ՄԻԱՎ վարակ» դասընթացի բարձրացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ բուժաշ­խա­տողների գիտելիքների մակարդակը, ինչի արդյունքում մեծացել են նրանց նա­խա­ձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ծավալները և բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը: Այս ամենի արդյունքում աճել է իրենց ՄԻԱՎ-կարգավիճակն իմացողների թիվը:

Երկրորդ «90»-ին հասնելու ճանապարհին կարևոր քայլ էր 2017թ-ից երկրում ներդրված «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում անկախ CD4+ լիմֆոցիտների քանակից և հիվանդության կլինիկական փուլից: Տ.Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ, գործադրված հսկայական ջանքերի շնորհիվ, բուժման ներդրումից ի վեր դրա տրամադրման ընդհատումներ չեն եղել:

Հակառտետրովիրուսային բուժում ստացողներից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցողների թվի աճի հարցում էական նշանակություն ունի այն, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնությունն ու վարումն իրականացնում է բազ­­մա­պրոֆիլային խումբը, որի կազմում ընդգրկված են բժիշկ (վարա­կաբան և/կամ ընտանեկան բժիշկ), բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող և ոչ բժշկական հարցերով զբաղվող այլ անդամներ (իրավա­խորհրդատու, «հավա­սարը` հավա­սա­­­­րին» խորհրդատու և այլն): Խմբի անդամները կատա­րում են որոշակի գոր­ծա­ռույթ­­­­ներ՝ փոխադարձաբար լրացնելով միմյանց, սակայն նրանց բոլորի առանցքային խնդիրներից մեկը բուժման կարգը պահպանելու հարցում պացիենտներին աջակցելն է, ինչը չափազանց կարևոր է բուժման արդյունավետությունն ապահովելու համար: Դրանից բացի ՁԻԱՀ-ի կենտրոնը միակ մասնագիտացված բժշկական կազմակերպությունն է, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձինք բժշկական ծառայություններ ստանում են առանց խարանի և խտրականության:

Ամփոփելով իր ելույթը Տ.Գրիգորյանը նշեց, որ «բուժման կասկադի» վերլուծությունից ստացված տվյալները վկայում են, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի ջանքերով տարիների ընթացքում ստեղծված ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման համակարգի (ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ, կանխարգելում, մոնիտորինգ, բուժման ծառայություններ) հետագա գործարկումը և միջոցառումների իրականացումը թույլ կտան ՀՀ-ում հասնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրով նախանշված «90-90-90» թիրախներին: