Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների ներկայացումները

17.07.19

Հուլիսի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած «Ինֆեկցիոն հիվանդություններ, ՄԻԱՎ վարակ և տուբերկուլոզ» խորագրով սեկցիոն նիստի ընթացքում բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը հանդես եկավ «ՀՀ-ում 2016-2017թթ. մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վերահաստատումը՝ որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի նշանակալից ձեռքբերում» թեմայով ներկայացումով: Նա նշեց, որ մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելման (ՄԵՄՓԿ) համակարգի ստեղծման և ներդրման արդյունքում 2007թ. ի վեր կանխար­գելիչ բուժում ստացած ՄԻԱՎ վարակով մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել և 2016թ. ԱՀԿ-ի կողմից Հայաստանին շնորհվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր:

Վ.Արզաքանյանը համառոտ ներկայացրեց ՀՀ-ում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման գործընթացը, ապա խոսեց ՄԵՄՓԿ համակարգի ստեղծման, ներդրման գործընթացների, հավաստագրի ստացումից հետո կարգավիճակի պահպանման նպատակով իրականացված քայլերի մասին:

Նշվեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի հետևողական ջանքերի արդյունքում ՀՀ-ում ստեղծվել և գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ծննդօգնության ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ: Գրեթե բոլոր հղիները հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ: 2016թ. հետո իրականացվել են քայլեր ՄԵՄՓԿ համակարգի բարելավման և երկրի կարգավիճակի պահպանման ուղղությամբ: Ներդրվել է հղիության ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ կրկնակի հետազոտությունների պրակտիկան, համաձայն որի առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչ հանդիսացող, այդ խմբերին պատկանող զուգընկերներ ունեցող հղի կանայք, նաև այն հղիները, որոնց զուգընկերներն ունեն ՄԻԱՎ վարակ ախտորոշում պետք է հղիության ընթացքում երկու անգամ հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Սկսած 2017թ. հանրապետությունում գործող ծննդօգնություն իրականացնող բոլոր կազմակերպութ­յուն­ներին տրամադրվել են արագ թեստեր ծննդալուծման համար դիմած նախածննդյան հսկողություն չանցած կամ անհայտ ՄԻԱՎ-կարգավիճակով հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով: ՄԻԱՎ վարակով բոլոր հղիներին հասանելի է անվճար հակառետրովիրուսային բուժումը, նորածիններին՝ ՄԻԱՎ վարակի կանխարգելիչ բուժումը, վաղ ախտորոշումը, արհեստական կաթնախառնուրդները:

ՁԻԱՀ-ի կենտրոնում 2016թ-ից գործում է աշխատանքային խումբ կազմակերպության իրավասության շրջանակում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանմանն ուղղված միջոցառումները համակարգելու նպատակով: Աշխատանքային խումբը հետևում է բժշկական կազմակերպություններում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության համար հղիներից հավաքագրված արյան փորձանմուշների՝ համապատասխան լաբորատորիաներ տեղափոխման և հետազոտության իրականացման համար սահմանված ժամկետներին, դիսպանսերային հսկողության շրջանակում վերարտադրողական տարիքի կանանց և ՄԻԱՎ վարակով հղիների ՀՌՎ բուժման և անհրաժեշտ հետազոտություններ անցնելու, ՄԻԱՎ վարակով հղիների ծննդալուծման և հետծննդաբերական վարման, նորածինների կանխարգելիչ ՀՌՎ բուժման, կերակրման և հետազոտություններ անցնելու գործընթացներին: Նշված գործառույթների իրականացմանը խոչընդոտող խնդիրների դեպքում անհապաղ ձեռնարկվում են համապատասխան քայլեր դրանք վերացնելու ուղղությամբ:

Իրականացված ամենօրյա աշխատանքների շնորհիվ 2017-2018թթ. երկիրը պահպանել իր կարգավիճակը, ինչը պաշտոնապես հաստատել է ԱՀԿ-ն:

Ամփոփելով իր ելույթը Վ.Արզաքանյանը նշեց, որ Հայաստանի միջազգային ճանաչման արժանացած ձեռքբերման գործում առանցքային դերակատարում է ունեցել ՁԻԱՀ-ի կենտրոնը, ինչը գնահատվել է նաև ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի կողմից: Վերջինիս կողմից ամեն տարի անցկացվող ՄԱԿ-ի պետական ծառայության ամենամյա մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում 2017թ. ՁԻԱՀ-ի կենտրոնը ճանաչվել է հաղթող և զբաղեցրել առաջին տեղը «ՀՀ-ում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացում» նախաձեռնության իրականացման համար: Կենտրոնին նաև տրվել է հավաստագիր պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելու համար: Բոլորովին վերջերս ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագիտական խումբը դարձավ ՀՀ նախագահի՝ բժշկագիտության բնագավառում 2018թ. մրցանակակիր «ՀՀ-ում ներդրված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համակարգի պահպանումը որպես ՄԻԱՎ-ից զերծ սերունդ ունենալու նախադրյալ» աշխատանքի համար: Մորից երե­խային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում Հայաստանի ձեռքբերումը պարտավորեցնող է երկրի կարգավիճակը պահպանելու առումով և կարիք կա մշտապես իրականացնելու համակարգի էլ ավելի բարելավմանն ուղղված քայլեր: Ներկայումս ՀՀ-ում ներդրված է ՄԵՄՓԿ արդյունավետ համակարգ, և կան բոլոր նախադրյալները հետագայում ևս պահպանելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը: