Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության հասանելիության ընդլայնումը «90-90-90» նպատակին հասնելու անհրաժեշտ պայման

20.05.15

Տարածաշրջանային աշխատաժողով ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում

Այսօր` մայիսի 20-ին, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտ­րո­նում իր աշխատանքներն սկսեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության ծառայությունների հասանելիության մեծացմանը նվիրվածտարածաշրջանային աշխատա­ժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրիտարածաշրջանային գրասենյակի և «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորում» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից:  

    

Աշ­խա­տաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաի­նայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստա­նի, Ռուսաստանի, Վրաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Մակեդոնիայի պետական և հասարակական կազմակերպությունների, բնակչության խոցելի խմբերը ներկայացնող տարածաշրջա­նային միավորումների, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի համահովանավոր կազմա­կեր­­պությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի նպատակը տարածաշրջանային մակարդակով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության խոչընդոտները վերացնելուն ուղղված գործողությունների և պարտավորությունների պլանի մշակումն է` ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց կողմից իրենց կարգավիճակի իմացությանը հասնելու և նրանց անհրաժեշտ բուժում ու խնամք տրամադրելու նպատակով:

Տեսազանգի միջոցով աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան և «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորում» միջազգային բարեգործական կազմակերպության նախագահ Վլադիմիր Ժովտյակը:

Վ.Սալդանան շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը և ՁԻԱՀ-ի կանխարգելման հան­րապետական կենտրոնին նման կարևոր աշխատաժողովը հյուրընկալելու համար, նաև բոլոր գործընկեր կազմակերպություններին աջակցության և մասնակցության համար:

Կարևորելով ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի «90-90-90» նպատակին հասնելու համար ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ի կողմից իրենց կարգավի­ճա­կի իմացությունը՝ Վ.Սալդանան նշեց, որ դրանից են մեծապես կախված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում հաջողությունները թե´ գլոբալ, թե´ տարածաշրջանային մակարդակներով: Նա կոչ արեց մասնակիցներին աշխատաժողովի ընթացքում լինել ակտիվ և չվախենալ ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ծառայությունների տրամադրման նորարարական մոտեցումներից:

    

 

Վ.Ժովտյակը նույնպես կարևորեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության հասանելիության մեծացումը՝ շեշտադրելով հիվանդության ախտորոշմանն ուղղված ծրագրերի և բուժման ու խնամքի ծրագրերի միջև սերտ կապի անհրաժեշտությունը ախտորոշում ստացած յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ բուժում և խնամք տրամադրելու համար:

 Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Հայաստանում առկա են բոլոր նախադրյալները համաճարակին արդյունավետ հակազդելու և դրան վերջ դնելու համար: Անհրաժեշտ է ձեռնարկել ջանքեր հնարավորինս շատ մարդկանց համար ապահովելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու և իրենց կարգավիճակն իմանալու հնարավորություն:

 ՀՀ առողջապահության նախարարության կողմից ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում, տարածաշրջանի երկրներում, այդ թվում նաև Հայաս­տա­նում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից իրենց կարգավիճակի մասին տեղեկացվածության մեծացումն ու ախտորոշման բարելավումը ոլորտի կարևորագույն խնդիրներից են: Անդրադառնալով այդ ուղղությամբ երկրի ձեռքբերումներին, Վ.Պողոսյանը նշեց, որ հղիների, տուբերկուլոզով հիվանդների ավելի քան 95%-ը հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ բուժաշխատողների գիտելիքների մակարդակի աճի շնորհիվ մեծացել են նրանց նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատ­վության և հետազոտության ծավալները և բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնա­բեր­ումը, հանրապետության 100 գյուղական և քաղաքային համայնքներում բնակչության ամենախոցելի խմբում` միգրանտների, նաև նրանց ընտանիքի անդամների շրջանում ներդրվել և իրա­կանաց­վում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրեր, որոնց շրջանակներում ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայությունները, այդ թվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը տրա­մադրվում են ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակներում, տե­ղե­րում` շարժական բժշկական խմբերի կողմից և շարժական բուժախտորոշիչ կլինիկայի բազայի վրա, ինչի շնորհիվ էապես մեծացել են նշված խմբին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատ­վության հասանելիությունը և հետազո­տութ­յան համար դիմելիությունը: Արդյունքում զգալիորեն աճել է հետազոտվողների թիվը, բարե­­լավվել են ՄԻԱՎ վարակի հայտնաբերումն ու ախտորոշումը, ընդլայնվել է բուժ­ման ծածկույթը, ինչն էլ իր հերթին ունի անմիջական կանխարգելիչ նշանակություն: «Սակայն նախանշված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ են կոնցեպտուալ նոր մոտեցումներ, համաձայնեցված շրջանակ և էական ներդրումներ, որոնք Գլոբալ հիմնադրամի կրճատված ֆինանսավորման պայմաններում դառնում են դժվար իրականանալի»,-ասաց նախարարի տեղակալը, ակնկալելով, որ աշխատաժողովի առաջարկներում կարտացոլվեն տարածաշրջանային և ազգային մակարդակներով առկա առանձնահատկությունները, առողջապահական համակարգերի խնդիրները, մարտահրավերները և դրանց հաղթահարման լավագույն ուղիները: Նա մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշ­խա­տանք և աշխատաժողովի առջև դրված բոլոր խնդիրների լիարժեք լուծում:

      

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հան­­րա­պետական կենտրոնի (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) տնօրեն, պրոֆ. Սամվել Գրիգորյանը աշխատաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց, որ աշխատաժողովի թեման չափազանց արդիական է, քանի որ առանց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հավակնոտ թիրախների եռյակի առաջին բաղադրիչի ապահովման անհնարին կլինի հաջորդ երկուսին հասնելը:

Ըստ Ս.Գրիգորյանի` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների մոդելների մշակման առաջարկներում անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման միտումներն ու առանձնահատկությունները: Միայն համաճարակի շարժիչ ուժերի, զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների, առկա ռեսուրսների, առողջապահական համակարգի տարբեր օղակներում, հասարակական կազմակերպություններում ծառայությունների ինտեգրման համալիր գնահատման հիման վրա է հնարավոր մշակել հետազոտության օպտիմալ մոդելներ, որոնք կմոտեցնեն մեզ սահմանված թիրախների իրականացմանը: Նա նաև հավելեց, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու հիվանդության ախտորոշումը ինքնանպատակ չեն: Դրանք այն գործիքներն են, որոնք հնարավորություն կտան հիվանդներին ժամանակին ստանալու արդյունավետ բուժում և խնամք: Դրա հետ կապված անհրաժեշտ է հաշվի առնել նաև տարածաշրջանի երկրների առողջապահական համակարգերի պատրաստակամությունն ու հնարավորությունները ընդունելու զգալի թվով նոր հիվանդների բուժման բեռը, հզորացնելու համապատասխան ենթակառուցվածքները, ապահովելու անհրաժեշտ բժշկական կադրերով, կատարելու լրացուցիչ ներդրումներ: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրենը հույս հայտնեց, որ աշխատաժողովի մասնակից երկրների փորձը հնարավորություն կտա ձևավորելու բոլորի կողմից ընդունելի հարթակ, ինչը կնպաստի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության իրականացման նոր մոտեցումների զարգացմանը ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային մակարդակներով: