Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Քննարկվեցին «Առողջ ապրելակերպ» դասընթացի դասավանդման հետ կապված խնդիրները

29.06.19

Հունիսի 27-ին ՁԻԱՀ-ի կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը և բաժնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը ք.Գյումրիում մասնակցեցին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը: Միջոցառման նպատակն էր կազմակերպության կողմից իրականացված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում» ծրագրի երեք տարիների ընթացքում «Առողջ ապրելակերպ» դասընթացի դասավանդման հետ կապված վերհանված խնդիրները ներկայացնելը և համապատասխան առաջարկությունների փաթեթ կազմելը:

Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ մարզպետարանի կրթության և առողջապահության վարչություններից, դպրոցների տնօրեններ, ֆիզկուլտուրա առարկան դասավանդող ուսուցիչներ, ծնողներ, դեռահասների շրջանում «հավասարը՝ հավասարին» մեթոդով ուսուցանողներ: 

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ամփոփ ներկայացրեցին կազակերպության կողմից կատարված աշխատանքները, այդ թվում՝ Շիրակի մարզի 50 դպրոցներում «Առողջ ապրելակերպի» դասավանդմանն առնչվող հարցերի վերաբերյալ իրականացված հարցման արդյունքները: 

Քննարկման մասնակիցները կարևորեցին «Առողջ ապրելակերպ» դասընթացի դերը դեռահասներին արդի մարտահրավերների դիմակայելու համար անհրաժեշտ գիտելիքներով զինելու և համապատասխան հմտություններ ձևավորելու հարցում: Կատարվեցին դասավանդումն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված  մի շարք առաջարկություններ: Քննարկման ընթացքում Ժ.Պետրոսյանը մասնակիցներին ներկայացրեց «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսուցողական նյութերի մշակման գործում ՁԻԱՀ-ի կենտրոնի ունեցած դերակատարումը:  

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին նաև «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ծրագրի շրջանակում ՄԻԱՎ վարակին առնչվող թեմաներով նկարահանված «Սովորի՛ր, որ սովորեցնես» և «Եղի՛ր իրազեկ, առողջ և տեղեկացված» տեսանյութերը: Վերջինս նախատեսված է, որպես օժանդակ նյութ, «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդման շրջանակում կիրառելու համար: Տեսանյութերն արժանացան մասնակիցների հավանությանը, մասնավորապես նրանք նշեցին, որ «Եղի՛ր իրազեկ, առողջ և տեղեկացված» տեսահոլովակը զգալիորեն կհեշտացնի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող թեմաների դասավանդման գործընթացը: 

Քննարկման արդյունքների հիման վրա կկազմվի առաջարկությունների փաթեթ, որը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից կներկայացվի ԿԳՆ: