Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Աշխատանքային հանդիպում ՁԻԱՀ-ի կենտրոնում

06.06.19

Հունիսի 5-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն էր այցելել ՌԴ Ռոսպոտրեբնադզորի վիրուսաբանության և բիոտեխնոլոգիաների «ՎԵԿՏՈՐ» պետական գիտական կենտրոնի («ՎԵԿՏՈՐ» ՊԳԿ) ռետրովիրուսների բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Նատալյա Գաշնիկովան: 

1Այցի նպատակը «ՎԵԿՏՈՐ» ՊԳԿ-ի հետ գիտատեխնիկական համագործակցության շրջանակներում նախատեսված 2 համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերի նախնական քննարկումն էր:

Նշված աշխատանքների հիմնական ուղղություններն են ՄԻԱՎ-1-ի տարածման մոլեկուլյար-գենետիկական մոնիտորինգը և մեր երկրներում շրջանառվող ՄԻԱՎ-ի հիմնական գենետիկական տարբերակները ներառող ՄԻԱՎ-1-ի բնութագրած շտամների համալրվող հավաքածուի ստեղծումը և դրա հիման վրա ՄԻԱՎ-1-ի ստուգողական նմուշների մշակումը՝ հետազոտության որակի վերահսկման ապահովման նպատակով:

Ն.Գաշնիկովան հանդիպեց Կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանի, համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանի և պլանավորվող գիտահետազոտական աշխատանքների պատասխանատուներ՝ բժիշկ-լաբորանտ Տաթևիկ Սարհատյանի և բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի հետ:

22Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ՄԻԱՎ-ի մոլեկուլյար-գենետիկ մոնիտորինգի ընթացքը, դրա հետ կապված ծագող հնարավոր խնդիրները, գիտահետազոտական աշխատանքների իրակացման պլանավորման և կազմակերպման հարցերը: Որոշվեց կատարել առկա տվյալների նախնական ուսումնասիրություն՝ հետագա քայլերի պլանավորման համար:

Ն.Գաշնիկովան լաբորատոր ախտորոշման բաժնում հանդիպեց նաև ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի անձնակազմի և մոնիտորինգի և գնահատման ազգային խմբի մասնագետների հետ, ծանոթացավ բաժնի կառուցվածքին, կատարվող աշխատանքներին, այդ թվում մոլեկուլյար-գենետիկական հետազոտությունների ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Ն.Գաշնիկովային ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի ներկայիս իրավիճակը, քննարկվեցին հարցեր կապված ՄԻԱՎ-ի դեղակայունության մոնիտորինգի հետ: