Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագիտական խումբը ՀՀ նախագահի՝ բժշկագիտության բնագավառում 2018 թվականի մրցանակակիր

11.06.19

Հունիսի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար շնորհված մրցանակները հանձնեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

Բժշկագիտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակը շնորհվեց «ՀՀ-ում ներդրված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համակարգի պահպանումը որպես ՄԻԱՎ-ից զերծ սերունդ ունենալու նախադրյալ» աշխատանքը հեղինակած ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագիտական խմբին, որի կազմում են Կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը, համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը, բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը և բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը:

Աշխատանքում մանրամասն նկարագրված են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համակարգի ստեղծման, ներդրման, պահպանման ուղղությամբ իրականացված նպատակային, հետևողական քայլերը, որոնք նախադրյալներ ստեղծեցին 2016թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի՝ որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր ճանաչվելու և 2016-2017թթ. այդ կարգավիճակը պահպանելու համար:

ՀՀ-ում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրման և պահպանման շնորհիվ հնարավոր է դարձել ՄԻԱՎ վարակով մայրերից վարակից զերծ հարյուրավոր երեխաների ծնունդը, որոնք խուսափել են ցմահ բուժում ստանալու և դիսպանսերային հսկողության մեջ գտնվելու հեռանկարից, իսկ պետությունը տնտեսել է հսկայական ֆինանսական միջոցներ: Սրանով մեր երկիրը հարթել է ճանապարհ դեպի ՄԻԱՎ-ից զերծ սերունդ և ապահովել երկրի առողջապահական համակարգի համաշխարհային բարձր վարկանիշ:

Նախագահի ամենամյա մրցանակն ուղղված է Հայաստանում կրթության, գիտության և մշակույթի բնագավառների խթանմանը: Այն շնորհվում է Հայաստանի Հանրապետության՝ լավագույն և արժեքավոր ստեղծագործություններ հեղինակած, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած անձանց:

 

Արարողության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումով.

https://www.president.am/hy/press-release/item/2019/06/10/President-Armen-Sarkissian-gave-an-awards/

Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա մրցանակի մասին առավել մանրամասն ստորև հղման մեջ.

http://www.shoghakat.am/am/telecasts/17069?fbclid=IwAR2OvmMUCjC5ayMA9mLZ571SADEsRCdZ9DrSzr4ImsaoU860Uvv5B12l-W8