Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Բեռլինում անցկացվեց ՄԻԱՎ վարակի հարցերին նվիրված խորհրդակցություն

27.04.18

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆ. Ս.Գրիգորյանը և համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-վիճակագիր Տ.Գրիգորյանը ապրիլի 22-ից 26-ը ք.Բեռլինում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) մասնակցեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում կայուն զարգացման նպատակների իրականացման դարաշրջանում ՄԻԱՎ վարակի հարցերին նվիրված «Խնդիրների իրագործում և նպատակների իրականացում» խորհրդակցությանը:  

1Խորհրդակցության կազմակերպիչներն էին ԱՀԿ-ի եվրոպական տարա­ծաշրջանային գրասենյակը և հիվանդությունների վերահսկման և կանխար­գելման եվրոպական կենտրոնը: Մասնակցում էին ներկայացուցիչներ տարածաշրջանի 53 երկրներից: Մասնակիցների թվում էին ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարա­կաբանական հսկողության ոլորտի փորձագետներ, ազգային ծրագրերի ղեկավարներ, քաղաքացիական հասարակության, ՄԱԿ-ի գործակալութ­յունների, Գլոբալ հիմնադրամի,  թմրամիջոցների և թմրամիջոցներից կախվածության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի, ԱՀԿ-ի համագործակցող կենտրոնների, Համաշխարհային բանկի, ՁԻԱՀ-ի հետազոտությունների եվրոպական կլինիկական ընկերության, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային ընկերության, ԱՀԿ-ի գլխամասային, տարածաշրջանային և երկրների գրասենյակների, նաև այլ գործընկերների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության նպատակն էր գործնականում ՄԻԱՎ վարակին հակազդման ոլորտում տարածաշրջանային նպատակների և խնդիրների իրականացման մակարդակի և այդ ուղղությամբ առաջընթացի գնահատումը, ազգային և տարածաշրջանային մակարդակներով նախանշված նպատակներին հասնելու խոչըն­դոտների քննարկումը, նշված մակարդակներով ՄԻԱՎ վարակի նկատմամբ հսկողության և կանխարգելման միջացառումների վերաբերյալ հաշվետվողա­կանության համար առկա տվյալների օգտագործման գնահատումը, նաև գործող ղեկավարող ցուցումների, փաստացի տվյալների, գործողությունների պլանների և ռազմավարությունների լույսի ներքո ՄԻԱՎ վարակի համաճարակի հակազդմանն ուղղված երկրների գործողությունների վերլուծությունը: 

Խորհրդակցության օրերին տարբեր լիագումար և զուգահեռ նիստերի ընթացքում քննարկվեց մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակը վերացնելու համար սահմանված  թիրախներին հասնելու ներկա վիճակը տարածաշրջանային և երկրների մակարդակներում: Խոսվեց այն մասին, թե ինչպես բարելավել ռազմավարական տեղեկատվության հասանելիությունն ու դրա կիրառումը ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների կառավարման  և մոնիտորինգի համար:

Խորհրդակցությունը դարձավ լավ հարթակ մասնակիցների միջև ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման լավագույն փորձի փոխանակման համար:

1Խորհրդակցության վերջին օրը՝ ապրիլի 25-ին ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Ս.Գրիգորյանը մասնակցեց ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տուբերկուլոզի, ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների դեմ պայքարի ծրագրի ղեկավար Մասուդ Դարայի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հատուկ խորհրդատու Միշել Կազաչկինի համավարությամբ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) երկրների ներայացուցիչների համար անցկացված երկխոսությանը, որը կազմակերպվել էր ՄԻԱՎ վարակի և ուղեկցող հիվանդությունների վերաբերյալ քաղաքականության հարցերով ընթացիկ տարվա հուլիսի 23-ին ք.Ամստերդամում կայանալիք ԱԵԿԱ երկրների նախարարական երկխոսության նախապատրաստման շրջանակում:

3 Երկխոսության ընթացքում նա տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարա­րության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը պահանջված ձևով ԱՀԿ է ներկայացրել ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման լավագույն փորձի նկարագիրը: Այն վերաբերում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացմանը և ԱՀԿ-ի կողմից դրա վավերացմանը: Այդ նկարագիրն ընդունվել և ներկայացվելու է նախարարական երկխոսության ընթացքում, նաև ներառվելու է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման լավագույն փորձին նվիրված ժողովածուում:

Նույն օրը Ս.Գրիգորյանը համանախագահել է «Երկրորդ և երրորդ «90»-ներ. ՄԻԱՎ վարակի բուժում և վիրուսային սուպրեսիա» խորագրով նիստի շրջանակում անցկացված երկու զուգահեռ նիստերից ՄԻԱՎ վարակի բուժման հարցերին նվիրված նիստը: