Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


Գրքի շնորհանդես ՁԻԱՀ-ի կենտրոնում

01.08.18

Օգոստոսի 1-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցավ «ՀՀ քաղաքաբնակ արական սեռի սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում իրականացված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտության զեկույցի շնորհանդեսը:

Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ներկայացնելով հետազոտության կարևորությունը, նշեց, որ վերջին հինգ տարիներին շարունակում է զգալի մնալ միգրացիայի գործոնի ազ­դե­ցութ­յունը երկրում արձա­նագրվող դեպքերի ընդհանուր թվի վրա: Նշված ժամանակահատ­վածում արձանագրված ՄԻԱՎ վարակով պացիենտների մեծամասնությունը՝ 58%-ը, դրսևորել են ռիսկային վարքագիծ Հայաստանից դուրս, որտեղ և ամենայն հավանականությամբ վարակվել են: Եթե սրան ավելացնենք նրանց զուգընկերներին՝ դեպքերի 12%-ը, ապա միգրացիայի գործոնով պայմանավորված դեպքերի մասնաբաժինը կկազմի 70%: Այդ պատճառով չափազանց կարևոր է միգրանտների շրջանում կանխարգելման միջոցառումների իրականացումը: Հետազոտության արդյունքները կօգնեն պլանավորելու և իրականացնելու արդյունավետ կանխարգելման միջոցառումներ միգրանտների շրջանում: Ս.Գրիգորյանը նշեց, որ հետազոտությունն իրականացվել է ֆրանսիական 5% նախաձեռնության աջակցությամբ և միջազգային փորձագետի մասնակցությամբ: Վերջինս իրականացրել է հետազոտության արտաքին վերահսկումն ու համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

 Բացման խոսքով հանդես եկավ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը: Նա նշեց, որ միգրանտները ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում առավել վտանգի ենթարկվող խմբերից մեկն են դիտարկվում, և որ այս հետազոտությունը տալիս է հնարավորություն ապացուցողական հիմքերի վրա պլանավորելու կանխարգելման միջոցառումներ միգրանտների շրջանում, ինչպես նաև հիմք է հանդիսանում նրանց շրջանում ծրագրերի ֆինանսավորման նպատակով դոնոր կազմակերպություններին դիմելու համար:

Ողջույնի խոսք հղեց Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան: Նա շնորհակալություն հայտնեց ՁԻԱՀ-ի կենտրոնի աշտատակազմին արհեստավարժության, ֆրանսիական 5% նախաձեռնությանը աջակցության համար՝ նշելով, որ հետազոտությունը տվել է բավարար տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել Գլոբալ հիմնադրամի 2019-2021թթ. ծրագրային հայտի մեջ միգրանտների շրջանում կանխարգելիչ միջոցառումներ ներառելու համար, ինչը առաջիկա օրերին կքննարկվի:

 ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ներկայացրեց իրականացված հետազոտության հիմնական արդյունքները: Նա խոսեց հետազոտության նպատակի, իրականացված հետազոտության մեթոդաբանության և արդյունքների մասին: Նշվեց, որ հետազոտությունն իրականացվել է Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ մասնակիցների միջոցով ձևավորվող ընտրանքի մեթոդով (ՄՄՁԸ):

Հետազոտության արդյունքները վկայում են, որ քաղաքաբնակ միգրանտների շրջանում առկա են ռիսկային սեռական վարքագծի որոշ դրսևորումներ: Դրանք ավելի արտահայտված են, երբ միգրանտները գտնվում են արտերկրում: ՄԻԱՎ վարակի տարածվածությունն այս խմբում ավելի բարձր է, քան ՀՀ արական սեռի ընդհանուր բնակչության շրջանում: Այս արդյունքը մտահոգիչ է, և պետք է ուշադրություն դարձվի այս խմբի շրջանում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուն: Շարունակական ռիսկային վարքագիծը, այդ թվում և՛ սեռական հարաբերությունները տարբեր զուգընկերների հետ, և՛ պահպանակի ոչ մշտական օգտագործումը հնարավոր են դարձնում ՄԻԱՎ-ի և այլ վարակների փոխանցումը Հայաստանում և արտերկրում:

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այս հղումով՝

http://www.armaids.am/images/pdf/hetazotutyunner/Biological_and_Behavioral_Surveillance_Survey_on_Armenian_Male_Seasonal_Labor_Migrants_in_Urban_Communities_in_Armenia_2018_arm.pdf