Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր. Ներգրավել, կրթել, հզորացնել

16.05.16

Մայիսի 15-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հետ համատեղ Հյուսիսային պողոտայում անցկացրեց «Ներգրավել, կրթել, հզորացնել» խորագրով հանրային միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազ­գային օրվան:

Միջոցառման նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերա­բերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերա­բերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր, նաև հետազոտության հետ կապ­ված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:

Անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով և ընդամենը 15-20 րոպեի ըն­թաց­քում ստանալու հետազոտության պատասխանը:

Բոլոր հետազոտվել ցանկացող­նե­րին տրամադրվեց խորհրդատվություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատ­­­վությունն իրականացնում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկայում: Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվեց 90 մարդ:

Միջոցառման ընթացքում Հյուսիսային պողոտայում տեղադրվել էր վահանակ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ համարվող կարմիր երիզի մեծ պատկերով, որի վրա անցորդներին և հետազոտություն անցած մարդկանց առաջարկվում էր փակցնել կարմիր երիզներ, ինչը խորհրդանշում էր համաճարակի դեմ պայքարին նրանց միանալը: 

Միջոցառումն  ավարտվեց  մոմավառությամբ. խորհրդանշական «Քվիլթի» վրա վառվեցին  մոմեր,  որոնք  դասավորված   էին «514»  թվի  տեսքով՝ խորհրդանշելով Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան դեպքերի թիվը: 

Միջոցառման մասնակիցներին բաժանվեցին ուղերձներով մոմեր, տեղեկատվական-կրթական նյութեր: