Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Մայիսի երրորդ կիրակին ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրն է. «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին»

22.05.17

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն առաջին անամ նշվել է 1983թ. Սան Ֆրանցիսկո քաղաքում: Միջոցառման կազմակերպիչները մարդիկ էին, որոնց կյանք էր ներխուժել ՄԻԱՎ վարակը: Այդ ժամանակից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր, որի շրջանակում ամբողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ՝ ուղղված հասարակության, որոշում կայացնողների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին սևեռելուն:

Մայիսի 21-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հետ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, անցկացրեց «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով հանրային միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվան:

Միջոցառման նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր, նաև հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:

Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում ստանալու հետազոտության պատասխանը: Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվեց խորհրդատվություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացնում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկայում: Հյուսիսային պողոտայում տեղադրվել էր վահանակ, որի վրա անցորդներին առաջարկվում էր փակցնել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ համարվող կարմիր երիզներ՝ ի նշան համաճարակի դեմ պայքարին նրանց միանալու: Միջոցառման ընթացքում նաև կարվեց քվիլթ՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների:

 

«Քվիլթ» նշանակում է լաթերից կարված ծածկոց: Ըստ հնում ծագած ավանդույթի՝ նման ծածկոց, ի հիշատակ մահացածի, կարել են նրա ընտանիքի անդամները, հարևանները և ծանոթները: Այդ նպատակով օգտագործվել են բազմագույն լաթեր: ՄԻԱՎ վարակի համաճարակը նոր հնչեղություն հաղորդեց լաթերից կարվող ծածկոցի ավանդույթին: Առաջին անամ «քվիլթ» կարել է Ջոնս Քլիվը 1987թ. հունիսին Սան Ֆրանցիսկոյում` դրանով արտահայտելով ՁԻԱՀ-ից մահացած իր ընկերոջ կորստի ցավը: Միջոցառման նպատակը համաճարակի կործանարար ազդեցությունը մարդկանց տեսանելի դարձնելն էր: «Քվիլթի» յուրաքանչյուր կտոր նվիրված է ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին: «Քվիլթը» հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ՄԻԱՎ վարակի համաճարակի մասշտաբների մասին, գրավում է բազմաթիվ մարդկանց ուշադրությունը, որոնք երբևէ չեն էլ մտածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին կարծելով, թե այդ խնդիրն իրենց չի վերաբերում:

Անցորդներինին բաժանվեցին ուղերձներով մոմեր, տեղեկատվական-կրթական նյութեր: Տեղի ունեցավ մոմավառություն:

Ընդհանուր առմամբ, միջոցառման ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվեց 121 մարդ: