Քվեարկություն

Տարեկան ամփոփիչ ժողով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում

27.12.18

ղՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ տարեկան ամփոփիչ ժողովը, որի նպատակն ավարտվող տարվա աշխատանքների ամփոփումն էր:

Անդրադարձ կատարվեց 2018 թվականի ընթացքում ոլոտում և կազմակերպության կողմից արձանագրված ձեռքբերումներին, մասնավորապես.

  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության վավերացման գլոբալ խորհրդատվական կոմիտեն դեռևս 2016թ. հաստատել էր Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը որպես հանրային առողջապահության խնդիր, երկրին շնորհվել էր համապատասխան հավաստագիր: 2018 թվականին ուսումասիրելով երկրում գործող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգը, վավերացման գլոբալ խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում երկրում իրականացված աշխատանքները և երկրի կարգավիճակի պահպանումը հաստատելու համար պահանջվող ցուցանիշները՝ Կոմիտեն տվեց իր դրական եզրակացությունը՝ պաշտոնապես հաստատելով Հայաստանում 2016-17թթ. համար մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը հաստատող ցուցանիշների պահպանումը:
  • ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների և դասախոսական կազմի կողմից մշակվեց ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի «ՄԻԱՎ վարակ» առցանց դասընթացը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2018 թվականի նոյեմբերին՝ Միջոցառումները համակարգող հանձաժողովի նիստի ժամանակ:
  • Կենտրոնի առաջատար մասնագետները զարգացրեցին իրենց մասնագիտական ունակությունները և հմտությունները՝ մասնակցելով տարբեր, այդ թվում միջազգային կոնֆերանսների և սեմինար-վարժանքների: Աշխատակիցների հեղինակած բազմաթիվ թեզիսներ և հոդվածներ տպագրվեցին միջազգային համաժողովների ժողովածուներում, ամսագրերում և պարբերականներում:
  • Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ստեղծվեց հիմնանորոգված լաբորատոր նոր ենթակառուցվածք, որը հագեցվեց արդիական սարքավորումներով: Անձնակազմը անցավ համապատասխան ուսումնական վարժանք և ձեռք բերեց դրանց կիրառման հմտություններ: Նույն ծրագրի շրջանակում ստեղծվեց նաև բժշկական օգնության և սպասարկման նոր ենթակառուցվածք, որը կահավորվեց և հագեցվեց անհրաժեշտ պարագաներով և գերժամանակակից ուլտրաձայնային հետազոտության սարքով: Վերագործարկվեցին նաև Կենտրոնի երկու մարդատար վերելակները:
  • Անցնող տարում Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվեց և շահագործման հանձնվեց արևային ֆոտոէլեկտրական կայանը, որի աշխատանքը կապահովի Կենտրոնի էլեկտրաէներգիայի հիմնական կարիքները:

ոԺողովի ընթացքում նախանշվեցին 2019 թվականին կատարվելիք միջոցառումները, ակնկալվող ծրագրերը և աշխատանքների հիմնական ուղղությունները:

Նշվեց, որ ՌԴ կառավարությունը հաստատել է Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային աջակցության ծրագրի երրորդ փուլը՝ հատկացնելով ֆինանսավորում 2019-2021թթ. համար, որի շրջանակում գալիք տարի կվերսկսվեն Կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ, շարունակելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող առայությունների տրամադրումը բնակչության ամենախոցելի խմբի՝ միգրանտների շրջանում:

Ամփոփվեցին ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ իրականացված գիտահետազոտական աշխատանքների նախնական արդյունքները:

ք

Քննարկվեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող հիվանդացության ուսումնասիրությանն ուղղված հետազոտության ընթացքը: Խոսվեց նաև առաջիկայում սպասվող Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ իրականացվելիք նոր գիտահետազոտական աշխատանքների մասին:

Ժողովի ավարտին տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը Կենտրոնի 16 աշխատակիցներին փոխանցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապացությամբ հանձնված պատվոգրերը՝ աղետի գոտում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցության, ցուցաբերած արիության և մարդասիրական օգնության համար: