ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Բարձր գնահատական ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ

11.07.17

Առողջապահության ֆրանսիական օրերի շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանության սոցիալական հարցերով խորհրդական Դանիել Մաթյոն հուլիսի 10-ին այցելեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՝ ծանոթանալու Կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին: Նախքան Կենտրոն այցելելը Դ. Մաթյոն եղել էր Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում, որտեղ տեղում ծանոթացել էր ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում տրամադրվող ծառայութ­յուններին: ՁԻԱՀ-ի կենտրոնում Դ.Մաթյոն տնօրենի տեղակալ Ա.Հակոբյանի և համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Ա.Պապոյանի ուղեկցությամբ կատարեց շրջայց, ծանոթացավ տարբեր բաժինների կողմից կատարվող աշխատանքներին: Շրջայցից հետո տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում, որին մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատակից Ֆրեդերիկ Ռայնբոլդը և ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկները: Բժիշկ-համաճարակաբան Է.Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը, համաճարակի զարգացման առանձնահատկությունները, խոսեց ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի նկատմամբ առավել խոցելի խմբի՝ միգրանտների և նրանց ընտանիքի անդամներին շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, ապա ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում երկրի ձեռքբերումներն ու դրանցում ՁԻԱՀ-ի կենտրոնի ունեցած ներդրումը: Ա.Պապոյանը իր խոսքում կարևորեց այդ ձեռքբերումների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում դոնորների և տեխնիկական գործընկերների դերը, և մասնավորապես անդրադարձավ ֆրանսիական 5% նախաձեռնության շրջանակում վերջին տարիներին տրամադրվող տեխնիկական աջակցությանը:

Դ.Մաթյոն ներկայացրեց Ֆրանսիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը, խոսեց միգրանտների շրջանում իրականացվող կանխարգելման աշխատանքների մասին: Հանդիպման ավարտին Դ.Մաթյոն պատասխանեց ներկաների հարցերին: Նա բարձր գնահատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում երկրի ձեռքբերումները, հատկապես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում և շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: