Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՀՀ փորձը ՄԻԱՎ վարակին հակազդման գործում

24.03.16

Այսօր՝ Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի երկրորդ օրը, լիագումար նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գ․Միրիջանյանը հանդես եկավ «Հայաստանի Հանրապետության փորձը ՄԻԱՎ վարակին հակազդման գործում» զեկույցով։ Գ․Միրիջանյանը, խոսելով Հայաստանի ձեռոբերումների մասին, մասնավորապես նշեց, որ 2001 թվականից ի վեր հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժման՝ 2007 թվականից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Բարելավվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկումը, ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը։Կարևոր ձեռքբերում է հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ բուժման ցուցում ունեցող բոլոր հիվանդներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տրամադրվում է անվճար բուժում։ Ակնհայտ է նաև բուժման արդյունավետությունը․ 2015թ․ վերջի դրությամբ հակառետրովիրուսային բուժում ստացողների 86%-ի մոտ արձանագրվել է վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։Ըստ բանախոսի՝ նշված ձերքբերումներին հնարավոր չէր լինի հասնել առանց դոնորների ֆինանսական աջակցության, որոնցից հիմնականը Գլոբալ հիմնադրամն ու ՌԴ կառավարությունն են, կարևորեց նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությունը։Գ․Միրիջանյանը ներկայացրեց նաև ՀՀ-ում առկա մարտահրավերները, որոնց թվում են` հիվանդության ուշ ախտորոշումը, միգրացիոն գործոնի զգալի դերը համաճարակի զարգացման գործում, ինչպես նաև միջոցառումների ֆինանսավորման կայունության ապահովումը և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։