Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների ներկայացումները

11.07.19

Հուլիսի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած «Ինֆեկցիոն հիվանդություններ, ՄԻԱՎ վարակ և տուբերկուլոզ» խորագրով սեկցիոն նիստի ընթացքում համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ներկայացրեց ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման միտումները և առանձնահատկությունները: Նա խոսեց ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի մասին, նշեց, որ մեր երկրում ՄԻԱՎ վարակի տարածումն ունի որոշակի առանձնա­հատ­կութ­յուններ տարածաշրջանի այլ երկրների համեմատ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել համաճարակին արդյունավետ հակազդելու համար: Այդ առանձնահատկությունները և զարգացման միտումները հնարավոր է գնահատել շնորհիվ ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից երկրի մասշտաբով ներդրված համաճարակաբանական հսկողության արդյունավետ համակարգի՝ տվյալների կենտրոնացված հավաքագրմամբ հաշվետվողականությամբ, որն ապահովում է տվյալների պատշաճ հավաքագրում ու վերլուծություն իրավիճակին համարժեք գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար:

Խոսելով մեր երկրում ՄԻԱՎ վարակի տարածման առանձնա­հատ­կութ­յունների մասին բանախոսը նշեց, որ ՀՀ-ում վարակի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է (2009-2018թթ. 76,5%): Վերջին 10 տարիներին զգալի է աշխատանքային միգրացիայի գործոնի ազդեցությունը: 2009-2018թթ. ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացածների 56%-ը արտերկրում դրսևո­րել է ոչ անվտանգ վարքագիծ, որտեղ և հավանաբար վարակվել է: Ընդհանուր առմամբ ՄԻԱՎ վարակի դեպքերի 66%-ն արձանագրվել է աշխատանքային միգրանտների և նրանց զուգ­ընկերների շրջանում: Մյուս առանձնահատկությունն այն է, որ սկսած 2004թ. տարեցտարի նվազել է արձանագրվող դեպքերի ընդհանուր կազմում «դասական ռիսկի խմբերի»՝ թմրամիջոցների ներարկային օգտա­գոր­ծող­ների, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամա­դրող կա­նանց, հոմոսեքսուալ կապեր ունեցող տղամարդկանց մասնաբաժինը: Վերջին 10 տարիներին այն մնում է կայուն ցածր (2009-2018թթ.՝ 20,8%): Բանախոսը նշեց, որ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակին արդյունավետ հակազդելու համար առաջնային է աշխատանքային միգրանտների և նրանց ըն­տանիքի անդամների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխա­տանքների ընդլայնումն ու դրանց շարունակականության ապահովումը։ Միաժամանակ անհրաժեշտ է ընդլայնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատ­վության և հետազոտության տրամադրումը, մեծացնել այդ ծառայություն­ներին դիմելիությունը ինչպես «դասական ռիսկի խմբերի», այնպես էլ բնակչության այլ խմբերի շրջանում` որպես ՄԻԱՎ վարակի կանխարգելման կարևոր և արդյունավետ միջոց: