Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների ներկայացումները

12.07.19

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում հուլիսի 5-ին կայացած «Ինֆեկցիոն հիվանդություններ, ՄԻԱՎ վարակ և տուբերկուլոզ» խորագրով սեկցիոն նիստի ընթացքում բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքաբնակ արական սեռի սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում իրականացված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտության արդյունքները:

Նա նշեց, որ հետազոտության հիմնական նպատակն էր պարզել ՄԻԱՎ վարակի տարածվածությունը և ռիսկային վարքագծի դրսևորումները քաղաքաբնակ միգրանտների շրջանում կանխարգելման ծրագրերի և ռազմա­վա­րությունների մշակման համար անհրաժեշտ տվյալների ստացման նպատակով: Բանախոսը համառոտ ներկայացրեց ընտրանքը ձևավորման մեթոդն ու ընտրանքի մեջ ընդգրկելու չափանիշները: Նշվեց, որ ՄԻԱՎ վարակի տարածվածությունը ՀՀ-ում մեծահասակ բնակչության շրջանում 0,2% է, մինչդեռ, ըստ հետազոտության արդյունքների, ՀՀ քաղաքաբնակ արական սեռի սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում այն կազմել է 1,2%: Նրանք ունեն բազմաթիվ զուգընկերներ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, և պահպանակների օգտագործումը չի կրում մշտական բնույթ: Սակայն շատերն են բացառում իրենց՝ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Այս ամենը վկայում է ՄԻԱՎ-ով, սեռավարակներով վարակման բարձր վտանգի և միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի ուժեղացման անհրաժեշտության մասին: Ավարտելով ելույթը Ռ.Հովհաննիսյանը նշեց, որ կարևորելով միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների իրականացումը ՁԻԱՀ-ի կենտրոնը մշակել և նշված խմբում ներդրել է ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթում ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայությունների  տրամադրման մոդել և շարունակաբար այն կիրառում է  գյուղական և քաղաքային համայնքերում: