Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Միջազգային հանդիպում նվիրված վիրուսային հեպատիտ Ց-ի էլիմինացիային

21.10.19

2019թ. հոկտեմբերի 14-15-ը բժշկական օգնության և սպասարկման բաժնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Արմինե Պեպանյանը ք.Թբիլիսիում (Վրաստանի Հանրապետություն) մասնակցեց «Վիրուսային հեպատիտ Ց-ի միկրոէլիմինացիան ՄԻԱՎ/հեպատիտ Ց համակցված վարակի դեպքում» խորագրով միջազգային հանդիպմանը:

Հանդիպմանը ներկա էր մոտ 100 մասնակից Հայաստանից, Մոլդովայից, Ղազախստանից, Բելառուսից ու Վրաստանից: Հանդիպումը համախմբել էր տարածաշրջանային և միջազգային առաջատար մասնագետներին, կլինիցիստներին, հանրային առողջապահության փորձագետներին, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, լյարդի հիվանդությունների եվրոպական ասոցիացիայի մասնագետներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միասին գտնելու լուծումներ մինչև 2030թ. Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում վիրուսային հեպատիտ Ց-ի գլոբալ վերացման թիրախներին հասնելու համար:

Հանդիպման ժամանակ կարևորվեց ռիսկի խմբերում, այդ թվում՝ ՄԻԱՎ/հեպատիտ Ց համակցված վարակով պացիենտների շրջանում հեպատիտ Ց-ի միկրոէլիմինացիայի դերը՝ որպես հեպատիտ Ց-ի գլոբալ վերացման մի մաս:

Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, որը հանդես եկավ զեկույցով:








Հանդիպման ժամանակ նշվեց նաև, որ Գլոբալ հիմնադրամը Հայաստանին կտրամադրի միջոցներ ՄԻԱՎ/հեպատիտ Ց համակցված վարակ ունեցող 200 պացիենտի՝ ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղերով բուժման համար:

2017թ. Հայաստանում 1000 պացիենտ, որոնց թվում՝ 75 ՄԻԱՎ/հեպատիտ Ց համակցված վարակ ունեցողներ, ստացավ բուժում Վրաստանի կողմից որպես նվիրատվություն ստացված ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղերով: