Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կոպենհագենում շարունակվում է ՄԻԱՎ-ի դեղակայունության հարցերով հանդիպումը

28.02.19

Շարունակվում է ՄԻԱՎ-ի դեղակայունության հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված հանդիպումը, որին Հայաստանից մասնակցում են ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանն ու բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը:

Փետրվարի 27-ին հանդիպումը բացեցին, ներկաներին ողջունեցին և հանդիպման նպատակների մասին խոսեցին ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տուբերկուլոզի, ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների դեմ պայքարի ծրագրի ղեկավար Մասուդ Դարան, ԱՀԿ-ի գլխամասային գրասենյակից Սիլվիյա Բերտանյոլիոն, ՌԴ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման դաշնային գիտագործնական կենտրոնի ավագ գիտաշխատող Նատալյա Լադնայան:

Այնուհետև ելույթ ունեցողները ներկայացրին ՄԻԱՎ-ի դեղակայունության հարցերով ԱՀԿ-ի վերջին առաջարկությունները, դեղակայունության նկատմամբ հսկողության մեթոդաբանությունը, վաղ հայտնաբերման ցուցանիշները:

Երկրորդ օրը մասնակիցները ներկայացրին իրենց երկրներում ՄԻԱՎ-ի դեղակայունության նկատմամբ հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Տ.Գրիգորյանը խոսեց ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակային իրավիճակի, համաճարակի զարգացման առանձնահատկությունների մասին, ներկայացրեց դեղակայունության նկատմամբ երկրում իրականացվող մոնիտորինգը, ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ 2016-2018թթ. իրականացված «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» գիտահետազոտական աշխատանքը:

Ս.Գրիգորյանը խոսեց ԱՀԿ-ից ակնկալվող տեխնիկական աջակցության հիմնական ուղղությունների մասին, որոնց թվում են՝ տեխնիկական աջակցությունը ԱՀԿ-ի կողմից ՁԻԱՀ-ի կենտրոնի ՊՇՌ, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի հավաստագրման գործընթացում:

ԱՀԿ-ի ներկայացուցիչներ Սիլվիյա Բերտանյոլիոյի և Ելենա Վովկի հետ քննարկվեցին լաբորատորիայի հավաստագրման պահանջները, դրա համար պաշտոնապես դիմելու և հայտի ուսումնասիրման հետ կապված տեխնիկական հարցեր:

Հատկանշական է, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում դեռևս չկա ԱՀԿ-ի կողմից հավաստագրված ՄԻԱՎ-ի դեղակայունության վերաբերյալ հետազոտություն իրականացնող որևէ լաբորատորիա:

ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատորիան գործնականում հասել է պատրաստության այնպիսի աստիճանի, որ առաջիկայում կարող է ներկայացնել նման հավակնոտ հայտ:

Վերջում քննարկվեցին ՄԻԱՎ-ի դեղակայունության ուղղությամբ ԱՀԿ-ի հետ երկրների համագործակցության, ինչպես նաև ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ իրականացվող տարածաշրջանային գիտահետազոտական աշխատանքի շրջանակում համագործակցության ուղղությունները: