Քվեարկություն

Հնդկաստանում ներկայացվեց Հայաստանի փորձը

19.02.20

Փետրվարի 3-14-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը ք.Չանդիգարում (Հնդկաստան) մասնակցեց Հնդկաստանի կառավարության աջակցությամբ բժշկական կրթության և հետազոտության հետբուհական ինստիտուտի կողմից Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում կազմակերպված «Հանրային առողջապահության կառավարման զարգացում» միջազգային ծրագրին:

Ծրագրի տասը օրերի ընթացքում աշխարհի 23 երկրների 34 մասնակիցները հարստացրին առողջապահության արդյունավետ կառավարման մասին իրենց գիտելիքները, ծանոթացան Հնդկաստանի փորձին, եղան երկրի հիվանդանոցներում և առողջության պահպանման առաջնային կենտրոններում, տեղում ծանոթացան իրականացվող աշխատանքներին ու կառավարման մոդելներին։

Ուսուցողական և մշակութային այցով մասնակիցները եղան Հիմաչալ Պրադեշ նահանգի Շիմլա քաղաքում, այցելցին ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ բժիշկների ու հանրային առողջապահության մասնագետների համար, ծանոթացան դասընթացների շրջանակին և դրանց կազմակերպման մոդելին։

Տեղի ունեցան հանդիպումներ հիվանդանոցների ղեկավարների, բժիշկների հետ, որոնք մանրամասն ներկայացրին երկրի առողջապահության ոլորտի բացերն ու ձեռքբերումները:

Ծրագրի՝ երկրների լավագույն փորձի  ներկայացման բաղադրիչի շրջանակում Ա.Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակին հասնելու փորձը: Երկրները հետաքրքրվեցին Հայաստանի լավագույն փորձով և խնդրեցին Ա.Պետրոսյանին դրա վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝ իրենց երկրներում այն ներդնելու նպատակով:

Ծրագրի ավարտին կազմակերպված մշակութային երեկոյի ժամանակ Ա.Պետրոսյանը և Հայաստանից երկու այլ մասնակիցներ ներկայացրին Հայաստանի պատմությունը, ցուցադրեցին երկրի մասին պատմող կարճամետրաժ հոլովակ, հյուրասիրեցին հայկական քաղցրավենիքներ և սովորեցրին հայկական պարեր։

Ա.Պետրոսյանը մասնակցությունը հնարավոր դարձավ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի կողմից ստացած կրթաթոշակի շնորհիվ: Ծրագրի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։