Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


«Էմիլ Գաբրիելյան» հատուկ մրցանակ միջազգային ճանաչման համար

21.06.16

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորեց բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և մասնագիտական հաջողություններ։ Նախարարը նշեց, որ վերջին տարիներին, աշխարհի շատ երկրների օրինակով, Հայաստանը դեմքով շրջվել է դեպի հանրային առողջապահություն և գնում է բնակչության առողջությունը պահպանելու ու բարելավելու ճանապարհով։ «Ունենալով մասնագիտական նման ներուժ՝ ես չեմ կասկածում, որ այս ոլորտում ևս մենք հաջողություններ ենք արձանագրելու։ Դրա վառ վկայությունը հունիսի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի տրադրումն էր։ Բարձր այդ ամբիոնից հնչեց, որ վերջին 8 տարվա ընթացքում մեր երկրում ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի գրանցվել», - ասաց նախարարը։

Միջոցառման ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին շնորհվեց «Էմիլ Գաբրիելյան» հատուկ մրցանակ միջազգային ճանաչման համար, որին կենտրոնն արժանացել է ՀՀ-ում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար:

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը, «Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամին բարձր գնահատականի համար՝ նշելով, որ մրցանակն առավել պատվաբեր է, քանի որ կրում է Էմիլ Գաբրիելյանի անունը, որի հետ ինքն ունեցել է գործնական և անձնական ջերմ ու հարազատական հարաբերություններ: «ԱՀԿ-ի կողմից Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի շնորհումը վկայում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մոր և մանկան առողջության պահպանման ինտեգրված և արդյունավետ համակարգերի գործունեության մասին: Այս ձեռքբերումը հնարավոր դարձավ համակարգերի բուժաշխատողների տարիներ շարունակ իրականացրած քրտնաջան աշխատանքի, նպատակային ջանքերի ու հետևողական քայլերի արդյունքում, որոնց ես այսօր առանձնապես շնորհավորում եմ», - նշեց Ս.Գրիգորյանը:

«Պատահական չէ, որ ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունը Հայաստանն օրինակելի երկիր է համարել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում։ 2007թ.-ից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնվել է 150 երեխա, որոնք կարող էին ունենալ ՄԻԱՎ վարակ, սակայն ծնվել են ՄԻԱՎ-ից զերծ: Այսպիսի կարևոր հավաստագիր ստանալը բնավ ինքնանպատակ չէ: ԱՀԿ-ի ներկայացուցիչները 2-3 տարի հետո դարձյալ կլինեն Հայաստանում հաստատելու, որ երկիրը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը, ինչի համար մենք պետք է շարունակենք հետևողական ջանքեր գործադրել», - ասաց Ս.Գրիգորյանը:


Հայաստանին ԱՀԿ-ի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի շնորհման գործընթացի մանրամասները ներկայացրել է Ս.Գրիգորյանը Արարատ հեռուստաընկերության «Շտապ օգնություն» հաղորդման հերթական (17.06.16թ.) հաղորդման ժամանակ: 

Դիտել հաղորդումը