Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ուշագրավ տեղեկություններ «ՄԻԱՎ վարակը և գիտությունը» խորագրով ՁԻԱՀ-ի միջազգային 10-րդ համաժողովից

05.08.19

1. Ներկայացվեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ՄԻԱՎ վարակի համաճարակի իրավիճակի և գլոբալ հակազդեցության մասին վերջին զեկույցը, ըստ որի 2018թ. դրությամբ ՝

  • Աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը՝ 37,9 մլն
  • Հակառետրովիրուսային բուժում ստացողներ՝ 23,3 մլն (62%)
  • ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը՝ 1,7 մլն
  • ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան դեպքերը՝ 770.000

2018թ. դրությամբ աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող 37,9 մլն մարդուց միայն 79%-ը գիտեր իր կարգավիճակի մասին: Իրենց կարգավիճակի մասին իմացողներից ՀՌՎ բուժում ստանում էր 78%-ը, որոնցից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցել է 86%-ը: Աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միայն 62%-ն է ստանում բուժում, իսկ 53%-ն ունի չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն: 

2. Ներկայացվեցին ՄԻԱՎ-ով վարակված ռեզերվուարային բջիջները սպանելու նոր մոլեկուլային գործիքները: 

3. Առաջիկայում կիրականացվի խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի դեմ պատվաստանյութի փորձարկման նոր 3-րդ փուլը: Հետազոտությունը, որի անվանումն է «Մոզաիկո», կգնահատի ՄԻԱՎ-ի տարբեր շտամների դեմ չորս ներարկում պարունակող պատվաստման ռեժիմը:

4. Ներկայացվեցին Բոտսվանայում նորածինների շրջանում կատարված հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց դոլուտեգրավիրն անվտանգ է հղիության ժամանակ և իրականում վտանգն ավելի ցածր է, քան հրապարակվել էր: Դոլուտեգրավիրը կարող է փոքր ինչ բարձրացնել նյարդային խողովակի ախտահարման վտանգը բեղմնավորման պահին կամ հղիության առաջին եռամսյակում ընդունելիս:

5. Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր նոր ուղեցույցներում խորհուրդ է տրվում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում բուժումն սկսել դոլուտեգրավիր պարունակող սխեմաներով:


6. Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարացված ազդեցությամբ երկու ՀՌՎ դեղերի ամիսը մեկ անգամ կոմբինացված ներարկային ընդունումը գերադասելի է դեղերի պերօրալ ընդունումը: 

7. Ներկայացվեցին ՀՌՎ դեղեր պարունակող նոր իմպլանտի վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքները: Փոքր պլաստիկ իմպլանտը  տեղադրվում է  մաշկի տակ, անտեսանելի է  և նախընտրելի է հատկապես այն մարդկանց համար, որոնք խուսափում են դեղ ընդունելիս նկատվել այլոց կողմից: Նոր ՀՌՎ դեղեր պարունակող իմպլանտը կարող է ապահովել ՄԻԱՎ-ի ճնշման համար դեղի անհրաժեշտ խտություն մեկ տարվա ընթացքում:

8. Ներկայացվեց ինքնաթեստավորման վերաբերյալ Հարավային Աֆրիկայում կատարված հետազոտությունը, համաձայն որի ՀՌՎ բուժում ստացող ՄԻԱՎ դրական մարդկանց մոտ ինքնաթեստավորումը հաճախ տալիս է կեղծ բացասական պատասխան:

9. Երկու ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ թմրամիջոցներ գործածող և ալկոհոլը չարաշահող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կապը բուժման և խնամքի մասնագիտացված հաստատությունների հետ ավելի թույլ է: Ալկոհոլի չարաշահման դեպքում բժշկական հսկողության մեջ մտնելուց 12 ամիս անց բուժման մեջ մնալը 30%-ով ավելի քիչ է: Թմրամիջոց օգտագործողների մոտ վիրուսային ծանրաբեռնվածության ճնշված մակարդակի հասել են 78%-ով ավելի քիչ դեպքերում:

10. Հետադարձ տրանսկրիպտազայի նուկլեոզիդային ինհիբիտոր Իսլատրավիրը, որը նախկինում հայտնի էր որպես MK-8591, վերջին շրջանում հաստատված հետադարձ տրանսկրիպտազայի ոչ նուկլեոզիդային ինհիբիտոր դորավիրինի (պիֆելտրո) հետ կարող է լինել նախընտրելի երկդեղանի սխեմա, որն ունի լավ տանելիություն: