Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Տեղի ունեցավ «ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցված հարցեր» թեմայով կոնֆերանսը

19.01.19

Հունվարի 18-ին կայացավ «ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցված հարցեր» թեմայով կոնֆերանս, որը համատեղ կազմակերպել էին ՁԻԱՀ-ի կենտրոնը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

Կոնֆերանսի նպատակը «Միջսահմանային մեխանիզմների զարգացումը Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և շարժունակ բնակչության շջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման նպատակով» տարածաշրջանային ծրագրի ամփոփումն էր: Հայաստանում ծրագրի իրականացմանը աջակցել է ՁԻԱՀ-ի կենտրոնը:

Կոնֆերանսը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը: Նա կարևորեց աշխատանքային միգրանտների շրջանում կանխարգելման ծրագրերի իրականացումը և գերազանց գնահատեց վերոնշյալ  ծրագրի շրջանակում ՄՄԿ-ի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի համագործակցությունը: Հաջորդիվ մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Նա խոսեց մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման և ՄԱԿ-ի «90-90-90» թիրախներին հասնելու ուղղությամբ Հայաստանում արձանագրված ձեռքբերումների մասին Շ.Շարփը նշեց, որ Հայաստանի այդ հաջողությունները հիմք են տալիս փաստելու, որ 2030թ. ՁԻԱՀ-ից զերծ աշխարհ ունենալու նպատակն իրատեսական է: Նա ընդգծեց Հայաստանի՝ որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակ ստանալու գործում ՁԻԱՀ-ի կենտրոնի կարևոր դերակատարումը, ինչի համար կենտրոնը 2017թ. ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարութ­յուն և գերազանց որակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել` արժանանալով հավաստագրի պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030 թվականի Օրակարգի իրականացմանն աջակցելու համար։

Կոնֆերանսին մասնակցում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ևս ողջունեց ներկաներին և իր խոսքում կարևորեց ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնակցությունը ՄՄԿ-ի աջակցությամբ իրականացված տարածաշրջանային ծրագրին,  իսկ միջազգային ճանաչման արժանացած Հայաստանի ձեռքբերումը գնահատեց որպես կարևոր քայլ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպա­տակ­ներին հասնելու և ՄԻԱՎ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին: Նա նաև նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2018թ. վերահաստատել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած մեր երկրի կարգավիճակը: «Նշված ձեռքբերումներն ապահովվել են հիմնականում ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից տրա­մադրվող որակյալ առողջա­պա­հա­կան ծառայությունների արդյունքում, անձնակազմի ներդաշնակ, նախա­նշված ծրագ­րերի և գաղափարների շուրջ համախմբված կուռ աշխատանքի շնորհիվ»,-ասաց Ա.Թորոսյանը: Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, ՄՄԿ-ին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց­յալ ծրագրին, ՌԴ կառավա­րությանը, Գլոբալ հիմնադրամին և մյուս գործընկերներին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին աջակցելու համար:

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը նշեց, որ որ ՀՀ-ից աշխատանքային միգրացիոն հոսքերն ուղղված են հիմնականում այնպիսի երկրներ, որտեղ ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ-ում տարածվածությանը և որոշակի նպաստավոր պայմանների, այդ թվում՝ ոչ անվտանգ վարքագիծ դրսևորելու դեպքում էապես աճում է աշխատանքային միգրանտների ՄԻԱՎ-ով վարակման վտանգը: Նա նաև ասաց, որ ԱՀԿ-ն իր վերջին ռազմավարական փաստաթղթերում միգրանտներին դիտարկել է որպես խոցելի խումբ: Աշխատանքային միգրանտներն ընդգրկվել են 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրում:

Այնուհետև Ս.Գրիգորյանը հանդես եկավ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը ՀՀ-ում և աշխատանքային միգրացիայի ազդեցությունը դրա վրա» զեկույցով:

Հաջորդիվ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ևս հանդես եկան բանավոր ներկայացումներով: Մասնավորապես՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը ներկայացրեց «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ ՀՀ գյուղաբնակ արական սեռի սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում» 2016թ. հետազոտության, բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություն ՀՀ քաղաքաբնակ արական սեռի սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում» 2018թ. հետազոտության հիմնական արդյունքները:

  

Կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը խոսեց ՄՄԿ աջակցությամբ Հարավային Կովկասի երկրներում միգրանտների շրջանում 2018թ. իրականացված որակական և քանակական հետազոտությունների արդյունքների մասին:

  

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդումը աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ՌԴ օգնության ծրագրի շրջանակում» թեմայով զեկույցով հանդես եկավ կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը, իսկ հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի վարիչ Մարինե Ասրյանը ներկայացրեց ՄՄԿ զարգացման հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի շրջանակում աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ զեկույցը:

Ներկայացումներին հաջորդեց հարց ու պատասխան: