Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ի կենտրոնում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

10.09.18

Այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն էր այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի հետ:

Կենտրոնում կատարած շրջայցի ընթացքում տնօրեն Սամվել Գրիգորյանը նախարարին ծանոթացրեց հոգեբանասոցիալական խորհրդատվության, համաճա­րա­կաբանական հսկողության, կանխարգելման, բժշկական օգնության և սպասարկման, լաբորատոր ախտորոշման բաժիններում կատարվող աշխա­տանք­ներին: Մասնավորապես ներկայացվեցին ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողության ուղղությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ճանաչված միջազգային փորձագետի մասնակցությամբ անցկացվող ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների ընթացքը, ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրամադրվող ծառայությունները կապված ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժման, համակցված վարակների բուժման և կառավարման հետ, դիսպան­սերային հսկողության շրջանա­կում տրամադրվող ծառայությունները՝ լաբորատոր-գործիքային հետազո­տու­թյուններ, հոգեբանա­սոցիալական աջակցություն և այլն:

Մանրամասն ներկայացվեցին ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտություններ իրականացնող հանրապետությունում միակ լաբորատորիայի աշխատանքները: Տնօրենը նախարարին ծանոթացրեց նաև ՁԻԱՀ-ի կենտրոնի ուսումնակրթական, տարածաշրջանային գիտահետազոտական աշխատանքներին:

Նախարարը ծանոթացավ Կենտրոնի նոր կառուցված արևային ֆոտոէլեկտրական կայանի աշխատանքներին, ինչպես նաև լաբորատոր ախտորոշման և բժշկական օգնության և սպասարկման բաժինների նոր ենթակառուցվածքների ստեղծման և վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Կատարված այցի արդյունքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ոլորտում մեր երկրի հաջողությունները կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար»: