Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարժական բուժախտորոշիչ կլինիկան արդեն Հայաստանում է

15.07.14

Արարողության առաջին մասն անցկացվեց Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում, որը վերանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է հագեցվել դարձյալ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում: Արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության առողջա­պահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարա­կա­կան կազմակերպության տնօրենի տեղակալ Իրինա Կոս­տեց­կայան, Արևելյան Եվրոպայում և Կենտրո­նական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային աջակ­ցության խմբի խորհրդատու Մարինա Սեմենչենկոն, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ողջույնի իր խոսքում առողջապահության նախարար Ա.Մուրադյանը բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում: Ըստ  նրա` շարժական կլինիկայի շահագործումը հնարավորություն կտա Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերի խոցելի բնակչությանը, մասնավորապես  աշխատանքային միգրանտներին ու նրանց զուգընկերներին անվճար տրամադրելու ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների, սեռավարակների հետ կապված ծառայություններ` պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները: Դա զգալիորեն կմեծացնի բժշկական խորհրդատվության ու լաբորատոր հետազոտությունների հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը: Նախարարը նաև շնորհավորեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կոլեկտիվին Կենտրոնի հիմնադրման 25-ամյակի առթիվ, մաղթեց նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր խոսքում նշեց, որ ՄԻԱՎ վարակի և այլ վարակների դեմ պայքարը ՌԴ-ի միջազ­գային հումանիտար համագործակցու­թյան ուղղություններից մեկն է: «Մեր երկիրն ավելացնում է ջանքերը օժանդակելու մյուս երկրներին այդ հիվանդությունների դեմ պայքարում: Մենք կարևորում ենք հատկապես ԱՊՀ գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում այսօր մենք ներկա ենք նշանակալի մի իրադարձության: Հայաստանը ստանում է ժամանակակից բժշկական տեխնիկայով սարքավորված նոր շարժական կլինիկա: Համոզված եմ, որ իրականացվող ծրագիրն ամուր հիմք կդառնա առողջության պահպանման և վարակային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում երկու  երկրների հետագա համագործակցության համար»,-ասաց դեսպանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց  միջազգային կազմակեր­պություններին՝ ցուցաբերած աջակցության համար և հայտնեց, որ ՌԴ կառավարությունը մտադիր է հետագայում ևս Հայաստանին հատկացնել օգնություն այս և այլ ոլորտներում:  

«ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարա­կա­կան կազմակերպության տնօրենի տեղակալ Իրինա Կոս­տեց­կայան նշեց, որ շարժական բուժախտորոշիչ կլինիկայի նվիրաբերումը Հայաստանին Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի մի բաղադրիչն է: Ընդամենը մի քանի ամիս առաջ 2013թ. դեկտեմբերին տեղի ունեցավ նույն ծրագրի շրջանակներում վերանորոգված ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի խորհրդատվության և հետազոտության ենթակառուցվածքների և ուսումնական ռեսուրսային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նա հույս հայտնեց, որ շարժական կլինիկան լիովին կծառայի իր նպատակին: 

Արևելյան Եվրոպայում և Կենտրո­նական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային աջակ­ցության խմբի խորհրդատու Մարինա Սեմենչենկոն նշեց որ ծրագրի իրականացման  մեկ տարվա ընթացքում ակնհայտ դարձավ շարժական կլինիկայի անհրաժեշտությունը, որն այսօր իրողություն դարձավ նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի  աջակցության շնորհիվ: Նա նշեց, որ կլինիկայի արդյունավետությունը շատ մեծ է և հույս հայտնեց, որ այն հազարավոր մարդկանց կօգնի ստանալու բժշկական ծառայություններ, որոնք մինչ այդ քիչ հասանելի էին:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը հատկապես կարևորեց այն, որ շարժական կլինիկայի հագեցվածությունը հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայությունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակներում, ինչը չափազանց կարևոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազո­տության համար դիմելիությունը մեծացնելու համար:

Նա նշեց, որ այն պայմաններում, երբ մեր բնակ­չության շրջանում արմատացած չէ նախքան հիվանդության ախտանշանների դրսևո­րումը հետազոտվելու մշակույթը, այնքան էլ ձևավորված չեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու շարժառիթներ, առկա են հետազոտություն անց­նելու որոշակի բարդույթներ պայմանավորված  հիվանդության հետ կապված խարանի հետ, նախընտրելի է, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը տրամադրվի ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթում, որն իր մեջ կներառի խորհրդատվություն և հետազոտություն ոչ միայն ՄԻԱՎ վարակի, այլև վիրուսային հեպատիտների, սեռավարակների վերաբերյալ, խորհրդատվություն ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության հարցերով, գինեկոլոգիական և մաշկա­վեներաբանական հետազոտություններ,  ուլտրաձայնային հետազոտու­թյուն: Այդ դեպքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազո­տությունը կլինի տրամադրվող ծառայությունների բաղադրիչներից մեկը, որն անհրա­ժեշտ է առողջության պարբերական վերահսկման համար:

Ս.Գրիգորյանը նաև շնորհավորեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կոլեկտիվին Կենտրոնի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ և հավաստիացրեց, որ Կենտրոնը հետագայում ևս ջանք ու եռանդ չի խնայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարի, հանրապետությունում կանխարգելման և բուժման համընդհանուր հասանելիության ապահովման և ՄԻԱՎ վարակից զերծ սերունդ ունենալու համար:

ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանն ընթերցեց առողջապահության նախարարի հրամանը՝ ՀՀ առողջապահության համակարգում նվիրված աշխատանքի, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Կենտրոնի մի խումբ աշխատակիցներին ՀՀ ԱՆ պատվոգրով պարգևատրելու մասին:  

Այնուհետև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բակում կայանած շարժական բուժախտորոշիչ կլինիկայի առջև տեղի ունեցավ կարմիր ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունը, ինչին հաջորդեց հանդիսության մասնակիցների շրջայցը շարժական կլինիկայում:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի բացման հանդիսավոր արարողությունից հետո այդ  կապակցությամբ կայացավ ընդունելության Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, որին մասնակցեցին ՀՀ ԱՀ առողջապահության նախարարը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը,  առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի Կենտրոնի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՌԴ դեսպանատան աշխատակիցներ: