Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շրջայց ՁԻԱՀ-ի կենտրոնի հիմնանորոգված լաբորատոր նոր ենթակառուցվածքում

12.09.19

  

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան և Գլոբալ հիմնադրամի փոխանցման ու կայունության ապահովման մասնագետ Կորինա Մաքսիմը ՁԻԱՀ-ի կենտրոն կատարած իրենց աշխատանքային այցի շրջանակում շրջայց կատարեցին լաբորատոր ախտորոշման բաժնի նոր ենթակառուցվածքում, որն անցյալ տարի հիմնանորոգվել և հագեցվել էր արդիական սարքավորումներով Առողջապահության նախարարության և Գլոբալ հիմնադրամի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում:

  

  • Այս ժամանակակից և իր բնույթով հանրապետությունում եզակի կառույցում գործում են ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում իրականացնող հանրապետությունում միակ ռեֆերենս լաբորատորիան, ՄԻԱՎ վարակով պացիենտների իմունային կարգավիճակի որոշման հետազոտություններ իրականացնող միակ լաբորատորիան, նաև մի քանի այլ լաբորատորիաներ, որտեղ դիսպանսերային հսկողության շրջանակում կատարվում են պացիենտների կլինիկալաբորատոր, կենսաքիմիական և ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ մի շարք այլ ցուցանիշների որոշման, նաև ուղեկցող վարակների հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ:
  • Լաբորատոր ախտորոշման բաժնի կողմից 2018թ. ախտորոշման նպատակով և դիսպանսերային հսկողության շրջանակում իրականացված հետազոտությունների ընդհանուր թիվը կազմել է մոտ 135 հազար:
  • Այս բաժնի մեկ այլ ենթակառուցվածքում իրականացվում են ՄԻԱՎ-ի վիրուսային ծանրաբեռնվածության, դեղակայունության մուտացիաների հայտնաբերման և գենոտիպի որոշման լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա կենտրոնի բժիշկներն ընտրում են բուժման արդյունավետ սխեմաներ:
  • ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատոր բաժինն ունի արտերկրում կատարելագործված և վերապատրաստում անցած մասնագիտական հզոր ներուժ, ներգրավված է տարածաշրջանային մի շարք գիտահետազոտական աշխատանքներում, որոնք իրականացվում են ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի և վիրուսաբանության և բիոտեխնոլոգիաների «ՎԵԿՏՈՐ» պետական գիտական կենտրոնի հետ կնքված նյութատեխնիկական աջակցության տրամադրման և գիտատեխնիկական համագործակցության պայմանագրերի շրջանակներում:
  • Գիտահետազոտական ծրագրերին մասնակցության արդյունքում ՁԻԱՀ-ի կենտրոնը նաև անհատույց համալրվում է սարքավորումներով, ստանում թանկարժեք թեստ-հավաքածուներ և բժշկական նշանակության ապրանքներ: