Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Բացման հանդիսավոր արարողություն ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում

10.12.13

 Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի վերանորոգված ուսումնական ռեսուրսային կենտրոնի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողությունը:

 

 NCAP Opening   NCAP Opening 

Արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ.Սահակյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ-խորհրդական Ա.Իվանովը, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարա­ծաշրջա­նային հասարակական կազմակերպության տնօրեն Ե.Պյորիշկինան, ՌԴ նախագահի աշխատակազմի փորձագիտական վարչության փորձագետ, «Մեծ Ութնյակում» և «Մեծ Քսանյակում» պատանեկան խմբի քարտուղարության ղեկավար Ռ.Չուկովը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցութ­յան տարածաշրջանային թիմի, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարա­ծաշրջա­նային հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Տաջիկստանի Հանրապետությունից գործընկերներ, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի փորձագետներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: 

 NCAP Opening  

Հանդիսավոր արարողությունը բացեց և մասնակիցներին ողջունեց ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Ս.Գրիգորյանը: Նա նշեց, որ վերանորոգված ուսումնական ռեսուրսային կենտրոնում հնարավոր կլինի անցկացնել մոտ 150 հոգու մասնակցությամբ համաժողովներ, գիտաժողովներ, զուգահեռ սեմինար-վարժանքներ և խմբային աշխատանքներ, ինչը կնպաստի գիտաուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը: Դահլիճի հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով հնարավորություն կտա անցկացնելու տեսակոնֆերանսներ և անհրաժեշտության դեպքում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու ՄԻԱՎ վարակով հիվանդների վարման բարդ դեպքերը: Ուսումնական ռեսուրսային կենտրոնի հնարավորությունները կարող են օգտագործվել ինչպես ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, այնպես էլ տարբեր պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների կողմից:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հետազոտության և խորհրդատվության ընդլայնված և վերանորոգված ենթա­կառուցվածքները հնարավորություն կտան առավել արդյունավետ տրամադրելու նշված ծառայությունները: Ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ին մատակարարվել են նաև համակարգչային տեխնիկա, գրասենյակային գույք:

Իր ելույթի վերջում Ս.Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, որոնց աջակցությամբ հնարավոր եղավ իրականացնել լայնածավալ աշխատանքներ:

 NCAP Opening  

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունից ողջույնի խոսք ասաց նախարարի տեղակալ Տ.Սահակյանը: Նա նշեց, որ Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշումը մեր տարածաշրջանի 4 երկրներին, դրանց թվում Հայաստանի Հանրապետությանը 2013-2015թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն աջակցելու համար նպատակային միջոցների հատկացման վերաբերյալ:

Խոսելով Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրի մասին` նախարարի տեղակալը նշեց, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության խոցելի խմբերի, այդ թվում միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և հսկման համակարգերի ներուժի ամրապնդմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ միգրանտների շրջանում համաճարակաբանական հսկման ուժեղացման, համաճարակաբանական հսկման ազգային համակարգում ՄԻԱՎ վարակի մոնիտորինգի նորարարական մոտեցումների ինտեգրման, վիրուսային հեպատիտների համաճարա­կաբանական հսկման ուժեղացման ուղղությամբ: Նախատեսված են նաև միջոցառումներ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման շրջանակներում տրամադրվող ծառայութ­յունների բարելավման, ՄԻԱՎ վարակին առնչվող տարբեր ծառայությունների և համակարգերի գնահատման ուղղությամբ, որոնց իրակա­նաց­մանը խորհրդատ­վական օգնություն կցուցաբերեն մասնագետներ Ռուսաստանից: Մշակվում են լաբորատոր հետազոտությունների որակի ապահովման ստանդարտ ընթացակարգեր, վիրուսային հեպատիտների/ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողության ստանդարտ­ներ, սանիտարա­համաճարակային կանոններ ու նորմեր:

Բացի այդ, նա­խա­տեսված է ոլորտի մասնագետների ուսուցում ինչպես հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանում: Արդեն իսկ Մոսկվայի համապատասխան կլինիկական բազաներում վերապատրաստվել են լաբորատոր մասնագետներ, բժիշկ-համաճարակաբաններ, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելմամբ զբաղվող մասնագետներ:

Ծրագրի շրջանակներում նաև մատակարարվելու են ՄԻԱՎ վարակի ախտորոշման, իմունային համակարգի գնահատման, ՊՇՌ մեթոդով վիրուսային ծանրաբեռնվածության, ՄԻԱՎ-ի կայունության որոշման լաբորատորիաների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ, լաբորատոր ծախսանյութեր և թեստ-հավաքածուներ:

Տ.Սահակյանը արարողության մասնակիցներին տեղեկացրեց, որ վերանորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցված դահլիճում արդեն անցկացվել և առաջիկայում անցկացվելու են ՄԻԱՎ վարակի բուժման, խորհրդատվության և հետազոտության, ՄԻԱՎ վարակի մոլեկուլյար համաճարակաբանության և ՄԻԱՎ-ի դեղակայունության թեմաներով սեմինար-վարժանքներ Ռուսաստանի մասնագետների ներգրավմամբ: Նույն ծրագրի շրջանականերում նախատեսված է հաջորդ տարվանից նաև շարժական կլինիկայի միջոցով ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բնակչությանն անվճար հիմունքներով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող բժշկական ծառայությունների տրամադրում:

NCAP Opening   

Ըստ նախարարի տեղակալի` ծրագրի արդյունավետ իրականացումը կնպաստի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ հսկման միջոցառումների կատարելագործմանը և առողջապահության ոլորտում Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելուն:

Իր ելույթի վերջում Տ.Սահակյանը շնորհավորեց բոլոր ներկաներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վերանորոգված ենթակառուցվածքների բացման կապակցությամբ և Կենտրոնի կոլեկտիվին մաղթեց հաջողություններ, նոր ձեռքբերումներ, բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի բնակչության առողջության պահպանման:

Այնուհետև ելույթ ունեցավ «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարա­ծաշրջա­նային հասարակական կազմակերպության տնօրեն Ե.Պյորիշկինան: Նա շնորհավորեց ՁԻԱՀ-ի կենտրոնի գործընկերներին կարճ ժամանակահատվածում իրականացված լայնածավալ աշխատանքների կապակցությամբ:

Բացման արարողության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց համագործակցության և փոխըմբռնման վերաբերյալ եռակողմ համաձայնագիր: Առողջապահության նախարարության կողմից Համաձայնագիրը ստորագրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ.Սահակյանը, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տնօրեն Ս.Գրիգորյանը, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպության կողմից կազմակերպության տնօրեն Ե.Պյորիշկինան:

NCAP Opening   NCAP Opening   NCAP Opening   NCAP Opening

Համաձայնագրի առարկան ՀՀ-ում ազգային ծրագրերի և ռազմավարությունների հիման վրա ՀՀ-ում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ծրագրի արդյունավետ իրականացման և համակարգման ապահովման համար անհրաժեշտ հարաբերութ­յունների կարգավորումն է:

NCAP Opening   Բացման հանդիսավոր արարողության մասնակիցները կտրեցին կարմիր ժապավենը, շրջայց կատարեցին վերանորոգված բաժիններով, ծանոթացան կատարված աշխատանքներին:   NCAP Opening

Բացման արարողությունը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում, այդ թվում՝ ներկայացվել են ռեպորտաժներ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ», «Արմենիա», «ԱրմՆյուզ» հեռուստաալիքներով և այլն, որոնցից առաջին երկուսը՝ արբանյակային կայաններով ամբողջ աշխարհում: Արարողությունը լայնորեն լուսաբանվել է նաև համացանցում: