Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Եվս մեկ շարժական կլինիկա ՁԻԱՀ-ի կենտրոնին

15.10.19

Ք.Մոսկվայում առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին հանձնվեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն օժանդակող Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում ձեռք բերված երրորդ շարժական կլինիկան։

Հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի մերձակա հրապարակում մասնակցում էին առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն ու Կենտրոնի ևս երկու աշխատակից։

Արարողությանը մասնակցում էին ՌԴ ֆինանսների փոխնախարար Ս.Ստորչակը, ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Վ.Սմոլենսկին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Շ.Հեյդերը և տարածաշրջանային տնօրեն Վ.Սալդանան, ՍՊԻԴ-Ինֆոսվյազ հիմնադրամի տնօրեն Ե.Պյորիշկինան, այլ անձինք:

Իր շնորհակալական խոսքում նախարարի տեղակալ Լ.Նանուշյանը նշեց, որ նախկինում ոչ բոլոր կարիք ունեցողներին էին հասանելի ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները: Նախորդ երկու շարժական կլինիկաները հնարավորություն տվեցին հայտնաբերելու ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ավելի շատ դեպքեր, հազարավոր մարդկանց տրամադրելու տեղեկատվություն և ստեղծելու հնարավորություն տեղերում անցնելու ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և այլ վարակների վերաբերյալ հետազոտություններ: Նախարարի տեղակալն արտահայտեց իր վստահությունն առ այն, որ այս շարժական կլինիկան ևս նույն հաջողությամբ և արդյունավետությամբ կօգնի Հայաստանում վարակիչ հիվանդություններին հակազդման գործում:  

2013թ-ից սկսած շարժական կլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից կատարվել է ՄԻԱՎ-ի, հեպատիտների և սեռավարակների վերաբերյալ շուրջ 60 հազար հետազոտություն ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբի՝ աշխատանքային միգրանտների, նրանց ընտանիքի անդամների և համայնքների բնակիչների շրջանում, շահառուներին տրամադրվել է շուրջ 116 հազար մոտիվացիոն խորհրդատվություն։

Միևնույն ժամանակ ՌԴ աջակցության ծրագրի ողջ ընթացքում հանրապետության 13 բնակավայրերում Կենտրոնի կողմից անցկացվել է 75 հանրային միջոցառում և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է ավելի քան 7000 մարդ:

Նոր կլինիկան ավելի մանևրային է քաղաքային պայմաններում հանրային միջոցառումների ժամանակ կիրառվելու տեսանկյունից, որոնց նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն է: