Հոկտեմբերի 28-ին ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մեկնարկեց ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի «ՄԻԱՎ վարակ» դասընթացի ավագ բուժաշխատողների համար նախատեսված «ՄԻԱՎ վարակի արդիական հարցեր» խորագրով եռօրյա թեմատիկ ցիկլը:
Դասընթացի մեկնարկին բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դասընթացի գիտական ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյանը: Նա ներկայացրեց դասընթացի կառուցվածքը, նպատակն ու խնդիրները, դերն ու նշանակությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ավագ և միջին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործում:
Դասընթացին մասնակցում են Երևանի և մարզերի բժշկական կազմակերպությունների բժիշկներ:
Դասընթացն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների և գործնական պարապմունքների ձևով, իրականացվում են խմբային քննարկումներ, ցուցադրվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ տեսանյութեր:
Ուսումնական գործընթացի շրջանակում դասընթացի առաջին օրը մասնակիցները եղան Կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնում, իմացան արդիական սարքավորումներով իրականացվող հետազոտությունների և գիտահետազոտական աշխատանքների մասին:
«ՄԻԱՎ վարակ» դասընթացն անցկացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ: Մասնակցությունն անվճար է և կվավերացվի վկայականով: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 13 տեսական և 3 գործնական կրեդիտ: