Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը

11.09.19

  

Այսօր ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցավ բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Այն վերանորոգվել և կահավորվել է Առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում:

Կարմիր ժապավենը կտրեցին Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան և Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ինչին հաջորդեց արարողության մասնակիցների շրջայցը վերանորոգված ենթակառուցվածքում: Վ.Գրիշեչկինան նշեց, որ տպավորված է կատարված աշխատանքներով, շնորհակալություն հայտնեց Կենտրոնի տնօրինությանն ու անձնակազմին կատարված աշխատանքի համար, մաղթեց առողջություն և հաջողություններ:

  

  • ՄԻԱՎ վարակի տարեցտարի գրանցվող նոր դեպքերին զուգահեռ դիսպանսերային հսկողության մեջ գտնվողների և բուժում ստացողների թվի զգալի աճի պայմաններում պացիենտներին որակյալ և արդյունավետ բժշկական օգնության տրամադրելու նպատակով կարիք կար ընդլայնելու ՁԻԱՀ-ի կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման բաժնի ենթակառուցվածքները, ինչը և հնարավոր եղավ իրականացնել Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ: Նախկինում ընդամենը 565մ2 տարածք զբաղեցնող բաժինն այսօր արդեն ընդլայնվել է 400մ2 մակերեսով 1 լիարժեք հարկաբաժնով, ընդհանուր առմամբ զբաղեցնելով շուրջ 965մ2 տարածք:
  • Զգալիորեն ավելացել է զննման և պրոցեդուրային սենյակների թիվը, էապես բարելավվել են բժշկական անձնակազմի աշխատանքային պայմանները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ կազմակերպելու պացիենտների սպասարկումը, որոնց տրամադրվում է նեղ մասնագիտական բժշկական օգնություն, կատարվում են ուլտրաձայնային, ռենտգենաբանական և տուբերկուլոզի հայտնաբերման հետազոտություններ:
  • Մեկ տեղում ինտեգրված ծառայությունների տրամադրումը համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին և բխում է պացիենտների շահերից՝ հնարավորություն տալով առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու բուժման գործընթացը:
  • Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ բաժինը հագեցվել է նոր սոնոգրաֆով, որը հնարավորություն է տալիս հայտնաբերելու լյարդի ֆիբրոզը և որոշելու դրա աստիճանը, նորագոյացությունների առկայությունը, ինչը կարևոր է ՄԻԱՎ վարակով պացիենտների վարումն առավել արդյունավետ դարձնելու համար:
  • Ակնհայտ է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման գործում. 
  
- Հակառետրովիրուսային բուժման ծածկույթի մեծացման ճանապարհին կարևոր քայլ էր 2017թ-ից երկրում ներդրված «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում անկախ իմունային համակարգի վիճակից և հիվանդության կլինիկական փուլից: Ներկայումս ՁԻԱՀ-ի կենտրոնում մոտ 2100 ՄԻԱՎ վարակով պացիենտ ստանում է անվճար բուժում, ինչը կազմում է դիսպանսերային հսկողության մեջ գտնվողների 97,5%-ը:
- Ընդհանուր առմամբ ՀՌՎ բուժում ստանում է ՄԻԱՎ վարակ ախտորոշումով պացիենտների 84%-ը (նախանշված թիրախը 90%՝ 2020թ.):
- Ներդրված է դեղերի պատվերի, գնման և մատակարարման անխափան շղթա, ինչի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ երբևէ չի եղել բուժման ընդհատում:
- Բուժում ստացողներից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցողների թվի աճի հարցում (>85%) էական նշանակություն ունի այն, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնությունն ու վարումն իրականացնում է բազմապրոֆիլային խումբը, որի կազմում ընդգրկված են բժիշկ (վարակաբան և/կամ ընտանեկան բժիշկ), բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող և ոչ բժշկական հարցերով զբաղվող այլ անդամներ (իրավախորհրդատու, «հավասարը` հավասարին» խորհրդատու և այլն): Խմբի անդամները կատարում են որոշակի գործառույթներ՝ փոխադարձաբար լրացնելով միմյանց, որպես առանցքային խնդիրներից մեկը դիտարկելով բուժման կարգը պահպանելու հարցում պացիենտներին աջակցելը, ինչը չափազանց կարևոր է բուժման արդյունավետությունն ապահովելու համար:
  
- ՁԻԱՀ-ի կենտրոնն այն մասնագիտացված բժշկական կազմակերպությունն է, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձինք բժշկական ծառայություններ ստանում են առանց խարանի և խտրականության:
- Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կենտրոնի և աջակիցների ջանքերով տարիների ընթացքում ստեղծված ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման համակարգի (ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ, կանխարգելում, մոնիտորինգ, բուժման ծառայություններ) անխափան գործարկումը և միջոցառումների հետևողական իրականացումը թույլ կտան ՀՀ-ում հասնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրով և միջազգային պարտավորություններով նախանշված «90-90-90» հավակնոտ թիրախներին: