Քվեարկություն

Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը

10.06.16

Հունիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման միջոցառումների շրջանակներում կազմակերպված «Հաղթահարելով բուժման ճգնաժամը. գործողությունների օրակարգ 90-90-90 թիրախներին հասնելու համար» խորագրով պանելային քննարկմանը։

Պանելային քննարկման հիմնական հարցերն էին ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց համար բուժման հասանելիության ու դրա շարունակականության ապահովումը։

Միջոցառման ընթացքում խոսվեցին այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են 90–90–90 թիրախներին (ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ն իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90%-ը ստանա հակառետրովիրուսային բուժում, բուժում ստացողների 90%-ի մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունն իջնի մինչև չհայտնաբերվող մակարդակ) հասնելու և որակյալ ու մատչելի դեղերի հասանելիությունն ապահովելու համար:

Չնայած ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության հարցում առաջընթացին՝ աշխարհում դեռևս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կեսը չգիտի իր կարգավիճակի մասին, ինչի հետևանքով ՄԻԱՎ-ով ապրող շուրջ 22 մլն մարդ չի ստանում հակառետրովիրուսային բուժում և հետևաբար չի անցնում վիրուսային ծանրաբեռնվածության մոնիտորինգ։ Ուշ ախտորոշումը շարունակում է մնալ բուժման ծավալների ավելացման հիմնական խոչընդոտն այն դեպքում, երբ ԱՀԿ-ն առաջարկում է սկսել հակառետրովիրուսային բուժումը հիվանդության ախտորոշումից անմիջապես հետո։

Քննարկման ընթացքում նշվեց, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները պետք է ավելացնեն ներքին ֆինանսավորումն իրենց երկրներում հիվանդության բեռին համարժեք։ Սակայն շատ երկրներ ի զորու չեն սեփական ֆինանսական միջոցներով առանց միջազգային օժանդակության հասնելու նախանշված թրիախներին։

Մեկ անգամ ևս ընդգծվեց, որ մինչև 2030թ․ՁԻԱՀ-ի համաճարակի՝ որպես հանրային առողջապահության սպառնալիքի վերացումը հավակնոտ է, բայց և իրատեսական։