Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Մամուլի ասուլիս նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան

01.12.15

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշ­խար­հային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի, ՀՀ-ում  Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովի մասնակցությամբ։

Խոսելով ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ձեռքբերումների մասին՝ Վ.Պողոսյանը նշեց, որ երկրում հասանելի է ՄԻԱՎ վարակի բուժումը։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրա­պետական կենտրոնում տրամադրվող հակա­ռետ­րո­վիրուսային անվճար բուժման արդյունքում ՄԻԱՎ վարակ ունեցող900 անձ ապրում է լիարժեք կյանքով, աշխատում և հոգում իրենց ընտանիքների մասին։

Որպես կարևոր ձեռքբերում նշվեց, որ մեր երկրում 2007թ. ի վեր կանխար­գելիչ բուժում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում մորից երե­խային ՄԻԱՎ-ի փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել։ Միաժամանակ 2001թ.սկսած հան­րա­պետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջո­ցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք։

Այն փաստը, որ ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը, իսկ հղիների շրջանում այն ցածր է 1%-ից, խոսում է կանխարգելման միջոցառումների արդյունավետության մասին:
Հղիների ավելի քան 95%-ը, տուբերկուլոզով բոլոր հիվանդները հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ, այսինքն` բարելավվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկումը։ 
Բուժաշխատողների համար անցկացվող դասըն­թաց­ների շնորհիվ բարձրացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ նրանց գիտելիքների մակարդակը, ինչը նպաստել է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ծավալների մեծացմանը։

Հանրապետության գյուղական և քաղաքային 100 համայնքներում, բնակչության ամենախոցելի խմբում` միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում իրա­կանաց­վում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրեր։ ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան, բժշկական խմբերը ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայությունները, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը տրամադրում են տեղերում` ապահովելով դրանց հասանելիությունը։ Նախարարի տեղակալը նաև նշեց, որ Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի կատարո­ղա­կանը վերջին 2 տարիներին 4 անգամ գնահատվել է գերազանց` արժանանալով А1 գնահատա­կանի, ինչը նշանակում է 100%-ից բարձր կատարողական։ Լիովին իրականացվել են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի նպատակները, գերակատարվել ցուցանիշները:

Այս ամենը վկայությունն են այն բանի, որ առողջապահության նախարարությունը մշտապես կարևորում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման միջոցառումները և ոլորտը դիտարկում առողջապա­հական առաջնահերթ խնդիրների շարքում: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտ­րոնն արդյունավետորեն է  իրականացնում  ՄԻԱՎ վարակի  վերաբերյալ համաճարակաբանական հետազո­տու­թյունների, լաբորատոր ախտորոշման, հակառետրո­վի­րուսային բուժման, ՄԻԱՎ  վարակով  հիվանդների  դիսպանսերային հսկողության աշխատանքները:

Նախարարի տեղակալը նաև կարևորեց այն, որ հաջողություններին հասնելու գործում զգալի դերակա­տա­րություն ունեն դոնորները և միջազգային կազմա­կերպությունները և, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեցՌուսաստանի Դաշնության կառավա­րությանը, Գլոբալ հիմնադրամին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց­յալ ծրագրին և մյուս գործընկերներին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին աջակցելու համար:

Որպես դեռևս առկա հիմնախնդիրներ նշվեցին հիվանդության ուշ ախտորոշումը և, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միայն կեսի կողմից իրենց կարգավիճակի իմացությունը:Կարևորվեց հիվանդության վաղ ախտորոշումը և ժամանակին բուժում սկսելը, ինչը ոչ միայն հնարավորություն է տալիս արդյունավետորեն կառավարելու հիվանդության զարգացումը, էապես երկա­րացնելու հիվանդի կյանքի տևողությունն ու բարելավելու կյանքի որակը, այլև նվազեցնելու ուրիշին վիրուսի փոխանցման հավանականությունը։ ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ժամանակին բուժում սկսելով և պարտաճանաչորեն այն շարունակելով, կարող է այնքան ապրել, որքան կապրեր առանց ՄԻԱՎ վարակի: 

Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը՝ նշելով, որ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ՌԴ աջակցության ծրագիրը հետագայում ևս կշարունակվի։ 

Հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն` անկախ առողջական վիճակից գանգատների առկայությունից։ Կարևորելով և խրախուսելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և արձագանքելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում մեկնարկած ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման տեղեկատվական արշավին՝ Վ.Պողոսյանն առաջարկեց բոլորին հետևել իր օրինակին և մամուլի ասուլիսի ավարտից հետո անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում: