Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


«Միգրացիան և ՄԻԱՎ վարակը ԵՏՄ երկրներում» խորագրով տարածաշրջանային խորհրդակցություն

18.05.16

Մայիսի 18-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մեկնարկեց «Միգրացիան և ՄԻԱՎ վարակը Եվրասիական տնտեսական միության երկրներում» խորագրով տարածաշրջանային խորհրդակցությունը, որը կազմակերպվել է «Սպիդ-ինֆոսվյազ» հիմնադրամի և  ՁԻԱՀ-ի կանախարգելման հանրապետական կենտրոնի կողմից ՀՀ առողջապահության նախարարության, Ռոսպոտրեբնադզորի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում են  Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնների և ծառայությունների, միգրացիոն ծառայությունների, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի և Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներ (շուրջ 50 մասնակից)։

Տարածաշրջանային խորհրդակցության նպատակն է ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացումը միջգերատեսչական համակարգման և երկրների միջև համագործակցության բարելավման միջոցով։

Խորհրդակցության երկու օրերի ընթացքում մասնակիցները կգնահատեն ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների համաճարակա­բանական իրավիճակի վրա միգրացիայի ազդեցությունը,  ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության հարցերում միջգերատեսչական համակարգման և ԵՏՄ երկրների միջև համագործակցության առկա վիճակը, ԵՏՄ տարածքի ընդունող երկրներում աշխատանքային միգրանտներին հակա­ռետ­րո­վիրուսային բուժման տրամադրման հեռանկարները, ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության կազմակերպման հարցում միջազգային դոնորների դերը, նաև կներկայացնեն ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության ոլորտում իրենց երկրների փորձը։

Խորհրդակցությունը բացեց և մասնակիցներին ողջունեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նա նշեց, որ խորհրդակցության անցկացումը չափազանց արդիական է։ Չնայած ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակը զարգանում է համանման սցենարով, այդուհանդերձ, տարբեր երկրներում այն ունի որոշակի առանձնահատկություններ և յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է համաճարակի հակազդմանն ուղղված համալիր միջոցառումներ։ Սակայն, հաշվի առնելով երկրների միջև սերտ կապը, միգրացիոն գործընթացների և հատկապես աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակն ու դրա ազդեցությունը տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի տարածման վրա, համաճարակաբանական միասնական տարածքը, համաճարակային գործընթացների փոխադարձ կապն ու փոխազդեցությունը, երկրների մասնատված գործողությունները զգալիորեն նվազեցնում են ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը։ Մինչդեռ բոլոր մակարդակներում երկրների համաձայնեցված և համակարգված ջանքերը հնարավորություն կտան էապես մեծացնելու ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը, կդարձնեն ՄԻԱՎ վարակի համաճարակը ԵՏՄ երկրներում ավելի վերահսկելի և կանխատեսելի, ինչն իր հերթին կնպաստի ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի և ՄԻԱՎ վարակով պայմանավորված մահացության նվազմանը ԵՏՄ երկրներում։

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովը համառոտ ներկայացրեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված աշխատանքները, մասնավորապես անդրադարձավ միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և շարժական կլինիկայի աշխատանքներին: 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան, կարևորելով խորհրդակության անցկացնումը, ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են աշխատանքային միգրանտները հյուրընկալող երկրներում՝ առանձնահատուկ ընդգծելով միգրանտների համար ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիությունը, տեղաշարժման սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, որոնք դեռևս առկա են տարածաշրջանի որոշ երկրներում:

Ակնկալվում է, որ տարածաշրջանային խորհրդակցության արդյունքում կմշակվի ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի նկատմամբ հսկողության բարելավմանն ուղղված աշխատանքային պլան։