Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հաագայում ընթանում է ՄԻԱՎ վարակի խնդրի բարձր առաջնահերթությամբ եվրոպական երկրների ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի ծրագրերի ղեկավարների տարածաշրջանային խորհրդակցությունը

16.05.19

Ք.Հաագայում ընթանում է ՄԻԱՎ վարակի խնդրի բարձր առաջնահերթությամբ եվրոպական երկրների ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի ծրագրերի ղեկավարների տարածաշրջանային խորհրդակցությունը, որին մասնակցում է ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը:

Խորհրդակցության նպատակն է իրականացնել մինչև 2020թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստին սահմանված թիրախներին հասնելու համար ՄԻԱՎ վարակին առնչվող ԱՀԿ-ի վերջին առաջարկությունների, ազգային ծրագրերի առաջընթացի վերլուծություն՝ շեշտադրելով ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի երկրներում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի ճանապարհային քարտեզների կիրառումը: Նպատակներից է նաև վերհանել և համակարգել տարածաշրջանում  2019-2020թթ. ՄԻԱՎ վարակին և ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակին հակազդման գործողությունները և անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը ծրագրային բացերի լրացման համար:

Ճանապարհային քարտեզների և համաճարակին հակազդման արագացմանն ուղղված երկրների քաղաքականությանը նվիրված նիստի ժամանակ Ս.Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ-ում 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի թիրախներին ու սահմանված ցուցանիշներին հասանելիությունը, այդ թվում՝ 90-90-90 թիրախներին հասնելու ընթացքը, որով Հայաստանը առաջատար դիրքերում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:

Ս.Գրիգորյանը խոսեց մեր երկրի լավագույն փորձի, այդ թվում՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման մասին, ինչը վավերացվել է ԱՀԿ-ի կողմից 2016թ. ու վերահաստատվել 2018թ.: Նա ներկայացրեց նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, վերարտադրողական առողջության և տուբերկուլոզի ծառայությունների սերտ համագործակցության շնորհիվ արձանագրված արդյունքները:

Ձեռքբերումների թվում է հակառետրովիրուսային դեղերի (ՀՌՎ) գնման արդյունավետ համակարգի ներդրումը, ՀՌՎ դեղերի բացակայության պատճառով բուժման ընդհատումների բացակայությունը: Հայաստանը տարածաշրջանի եզակի երկրերից է, որտեղ, գործադրված հսկայական ջանքերի շնորհիվ, բուժման ներդրումից ի վեր դրա տրամադրման ընդհատումներ չեն եղել:

Նա նաև խոսեց աշխատանքային միգրանտների շրջանում իրականացվող ծրագրերի, ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկաներում տրամադրվող ծառայությունների, դրանց՝ ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերման, ժամանակին բուժումը սկսելու և 90-90-90 թիրախներին հասնելու հարցում ունեցած ներդրման մասին:

Այդուհանդերձ, սահմանված ցուցանիշներին հասնելու գործում խոչընդոտ են մնում աշխատանքային միգրացիայով պայմանավորված խնդիրները, մասնավորապես պացիենտների կողմից բուժման անընդհատության հաճախակի խախտումները, դրա պատճառով դեղակայուն շտամների առաջացման հավանականությունը և այլն: