Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Բեռլինում մեկնարկեց երկօրյա տարածաշրջանային խորհրդակցությունը

22.01.19

Հունվարի 22-ին ք.Բեռլինում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) մեկնարկել է ԵՄ/ԵՏՏ կազմի մեջ չմտնող ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային երկրներում ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների վերաբերյալ հետազոտությանը և ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելմանը (ՆԿԿ) նվիրված տարածաշրջանային խորհրդակցությանը: Հայաստանից հանդիպմանը մասնակցում են ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը, նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը:

Հանդիպմանը մասնակցում են ԵՄ/ԵՏՏ կազմի մեջ չմտնող պետությունների, ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի ընտրված երկրների ներկայացուցիչներ, ՆԿԿ-ի և հետազոտության ծառայությունների ազգային փորձագետներ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և այլ համաֆինանսավորող կազմակերպությունների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի, Գլոբալ հիմնադրամի, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական ասոցիացիաների, ԱՀԿ-ի համագործակցող կենտրոնների ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակը ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության ոլորտում երկրների առաջընթացը և առկա մարտահրավերները ներկայացնելն ու քննարկելն է, փորձի փոխանակումը, ինչպես նաև ՆԿԿ-ի վերաբերյալ գիտական վերջին տվյալների քննարկումն ու ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում դրա ներդրման հաջողությունների ներկայացումն է:

Հանդիպման առաջին օրը տեղի ունեցան լիագումար նիստեր, խմբային քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվեցին եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների վերաբերյալ հետազոտությունների կիրառվող ռազմավարությունների, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման հետ կապված հարցերը, դրանց վերաբերյալ ԱՀԿ-ի առաջարկությունները, նաև հետազոտությունների որակի հսկողության մշտադիտարկման հետ կապված հարցեր:

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրեց մեր երկրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության, ախտորոշման համար կիրառվող ռազմավարությունները և ՄԻԱՎ-ի թեստերի ընտրության փորձը՝ հաշվի առնելով ԱՀԿ-ի նախաորակման ցանկերում առկա առաջարկությունները։

Տեղի ունեցան խմբային աշխատանքներ:

Հանդիպումը կշարունակվի վաղը՝ հունվարի 23-ին: