Քվեարկություն

Ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ աշխատանքային հանդիպում

20.12.18

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՄԻԱՎ վարակի հակազդման ընդլայնման ճանապարհային քարտեզի նախագիծը կազմելու նպատակով։

Միջոցառումը կազմակերպվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի խնդրանքով, ըստ որի ճանապարհային քարտեզում պետք է ներառվեն այն առանցքային միջոցառումները, որոնք անհրաժեշտ են մինչև 2020 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի կասեցման նպատակին հասնելու համար: Ճանապարհային քարտեզը ներառելու է նաև ոլորտում առկա ձեռքբերումները, մարտահրավերներն ու դրանց դիմակայման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՁԻԱՀ-ի Կենտրոնից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրից, հասարակական կազմակերպություններից։

Հանդիպման ընթացքում համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Ա.Պապոյանը նշեց, որ ճանապարհային քարտեզների մշակման նախաձեռնությունը առաջարկվել է սույն թվականի հուլիսին ք.Ամստերդամում կայացած «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և համակցված հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քաղաքականության վերաբերյալ նախարարական երկխոսություն» թեմայով միջազգային նախարարական համաժողովի շրջանակում: Քարտեզի մշակումը ենթադրում է շահագրգիռ կողմերի լայն ընդգրկում այդ գործընթացին:

Ա.Պապոյանը ներկայացրեց նաև ՁԻԱՀ-ի Կենտրոնի մասնագետների կողմից մշակված ՄԻԱՎ վարակի հակազդման ընդլայնման ճանապարհային քարտեզի նախագիծը` որպես աշխատանքային տարբերակ քննարկումն արդյունավետ անցկացնելու նպատակով, որը նախապես ուղարկվել էր շահագրգիռ կողմերին: Մասնակիցների կողմից կատարվեցին առաջարկություններ, որոնք քննարկվեցին և համաձայնեցվեցին քարտեզի նախագծում ներառելու համար: