Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվում են հետազոտությունների հետ կապված աշխատանքները

10.10.19

ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ախտորոշման նոր մեթոդների մշակման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Կիրեևը և նույն ինստիտուտի գիտական աշխատող Ալինա Կիրիչենկոն շարունակում են համատեղ աշխատանքները ՁԻԱՀ-ի կենտրոնում:

Այցի երրորդ օրը նրանք ՁԻԱՀ-ի կենտրոնի մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի բժիշկ-լաբորանտներ Արշակ Պետրոսյանի, Տաթևիկ Սարհատյանի և համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանի հետ համատեղ քննարկեցին «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» և «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման գնահատում կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ» հետազոտությունների ուղեցույցները:

Դ.Կիրեևը և Ա. Կիրիչենկոն ՁԻԱՀ-ի կենտրոնի մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի բժիշկ-լաբորանտների հետ համատեղ կատարեցին նաև նախորդ երեք տարիներին իրականացված «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» գիտահետազոտական աշխատանքի նախնական արդյունքների ուսումնասիրումը և այն վերջնական ավարտին հասցնելու հարցերը: 

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեց համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար լրացուցիչ անհրաժեշտ սարքավորումների, թեստերի և բժշկական նշանակության ապրանքների ցանկը, ինչպես նաև համաձայնեցվեց վերանորոգման և տեխնիկան սպասարկման ենթակա սարքերի ցանկը, որը կիրականացվի Ինստիտուտի և ՁԻԱՀ-ի կենտրոնի միջև կնքված նյութատեխնիկական աջակցության տրամադրման պայմանագրի շրջանակում: