Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ներկայացվեց Հայաստանում ՌԴ աջակցության ծրագիրը

31.01.19

1ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության հրավերով հունվարի 30-ին Հայաստանում ՌԴ դեսպանատանը մասնակցեց «Միջազգային զարգացմանն ուղղված համագործակցության ոլորտում ՌԴ գործունեությունը» թեմայով սեմինարին, որի նպատակը նշված ոլորտում Հայաստանում իրականացված ծրագրերի ներկայացումը, փորձի փոխանակումը, հետագա երկկողմանի համագործակցության համար նոր գործընկերների ձեռքբերումն էր:

Սեմինարի բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ.Կարասինը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս.Կոպիրկինը:

34

Ս.Գրիգորյանը ներկայացրեց 2013-2018թթ. ՌԴ օգնության ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված միջոցառումները: Նա մասնավորապես խոսեց երկրում ՄԻԱՎ-ով վարակման տեսանկյունից առավել խոցելի խմբի՝ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շրջանում իրականացված ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքների մասին:

2Նա մասնավորապես նշեց, որ 6 տարվա ընթացքում ավելի քան 110 000 մարդ ստացել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ, ավելի քան 50 000-ը՝ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ: «Հետազոտություններն իրականացվել են թե՛ համայնքային ամբուլատորիաներում, թե՛ ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկաներում, որոնք Հայաստանին են նվիրաբերվել ՌԴ կառավարության կողմից», - նշեց Ս.Գրիգորյանը:

Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կենտրոնի գործընկերներն են եղել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը, Ռոսպոտրեբնադզորը, «ՍՊԻԴ ինֆոսֆյազ» հիմնադրամը:

Համագործակցությունն ունեցել է նաև գիտական ուղղվածություն. Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության ինստիտուտի հետ համատեղ ՁԻԱՀ-ի կենտրոնն իրականացրել է 4 գիտահետազոտական աշխատանքներ և ստացել նյութատեխնիկական աջակցություն:

ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդ­մանն ուղղված ՌԴ աջակցության ծրագիրը համահունչ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին, արդիական է և աջակցում է ֆինանսավորման այլ աղբյուրներ չունեցող միջոցառումների իրականացմանը, հեռանկարային է` հաշվի առնելով երկրում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման հիմնական միտումները, ուղղված է ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել խոցելի խմբի՝ միգրանտներին և նրանց զուգընկերներին, գիտականորեն հիմնավորված է, ունի ՄԻԱՎ վարակի համա­ճարակին հակազդման ոլորտում ներկայումս կիրառվող ժամանակակից տեխնո­լոգիա­ների, մեթոդների վրա հիմնված համակարգային մոտեցում: Ընդհանուր առմամբ, ծրագիրը նպաստում է երկրի կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, 90-90-90 թիրախներին հասնելուն և ազգային ու միջազգային այլ պարտավո­րությունների կատարմանը:

55

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին ելույթներով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շ.Շարփը, ՄԱԿ-ի գործակալությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի  ղեկավարներ և ներկայացուցիչներ: Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ա.Բաբկոն խոսեց ռուսական կապիտալով ընկերությունների՝ Հայաստանում բարեգործական գործունեություն մասին:

ԱՊՀ երկրների, արտերկրում բնակվող հայրենակիցների, միջազգային մարդասիրական համագործակցության գործերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ա.Շեվցովը խոսեց ՌԴ միջազգային զարգացմանն աջակցության և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին:

Սեմինարին մասնակցում էին ՀՀ-ում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ՀՀ պետական կառավարման մարմինների, բիզնես-համայնքի ու բուհերի ներկայացուցիչներ: