Քվեարկություն

Հանրային 9 միջոցառում, կարգավիճակն իմացած 672 մարդ

03.12.19

ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակում նոյեմբերի 22-29-ը և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին հանրապետության մի շարք քաղաքներում՝ Երևանում, Արտաշատում, Գավառում, Մասիսում, Աբովյանում, Գյումրիում ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հան­րա­պետական կենտրոնն անցկաց­րեց հանրային միջոցա­ռում­ներ հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերա­բեր­­յալ հետազոտության կա­րևո­րութ­յան մասին տեղեկացնելու, հետազոտվելը խրա­խո­ւսելու նպատակով:

Միջոցառումների շրջանակում նոյեմբերի 30-ին ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Գյումրու «ԼՈՖԹ» ժամանցի կենտրոնի հարակից տարածքում շարժական կլինիկայում տրամադրցեցին ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ՝ աջակցելով ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը:

Ընդհանուր առմամբ, միջոցա­ռում­նե­րի ընթացքում 672 մարդ օգտվեց Ռու­սաս­տանի Դաշնության կողմից Հայաս­տա­նին նվիրաբերված շարժա­կան կլինի­կաներում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ,Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազո­տութ­յուն անցնելու հնարավորությունից և ընդամենը 15-20 րոպեում իմացավ իր կարգավիճակի մասին:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ դրական կարգավիճակի մասին վաղ իմացությունը հնարա­վո­րութ­յուն է տալիս մարդուն հետևելու իր առողջությանը, ժամանակին դիմելու բուժման և խնամքի ծառայություններ, անհրաժեշտության դեպքում ստանալու բուժում և կանխելու վա­րակի փոխանցումն ուրիշներին:

Միջոցառումներն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ՍՊԻԴ-ինֆոսվյազ հիմնադրամի աջակցությամբ: