Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հերթական այցով ՁԻԱՀ-ի կենտրոնում է Դմիտրի Կիրեևը

08.10.19

Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ՁԻԱՀ-ի կենտրոն են այցելել ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ախտորոշման նոր մեթոդների մշակման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Կիրեևը և նույն ինստիտուտի գիտական աշխատող Ալինա Կիրիչենկոն:

Այցի նպատակն է քննարկել ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ 2019-2021թթ. իրականացվող 4 գիտահետա­զոտական աշխա­տանք­ներից 2-ի` «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» և «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման գնահատում կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ», հետ կապված կազմակերպչական և գործնական հարցերը:

Նշված հետազոտություններից մեկը տարածաշրջանային է և ուղղված է ՀՌՎ բուժման նկատմամբ ՄԻԱՎ-ի դեղա­կա­յուն շտամների տարածման կանխման ընդհանուր համակարգի ստեղծման, դեղակայուն շտամների առաջաց­ման ու տարածման պատճառների վերլուծության, դրանց առաջացման ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումների միասնական համակարգի մշակմանը:

Երկրորդ հետազոտությունն իրականացվում է երկկողմանի համագործակցության շրջանակում և ուղղված է կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման միտումների գնահատմանը:

Դ.Կիրեևը և Ա.Կիրիչենկոն հանդիպեցին Կենտրոնի տնօրեն պրոֆ․ Սամվել Գրիգորյանի, համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Ա.Պապոյանի և լաբորատոր ախտորոշման բաժնի բժիշկ-լաբորանտ Ա.Պետրոսյանի հետ, որի ընթացքում նրանք ներկայացրեցին այցի նպատակը և աշխատանքային պլանը:

Այցի ընթացքում կվերլուծվեն վերոհիշյալ ինստիտուտի հետ նախորդ երեք տարիներին համատեղ իրականացված «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» գիտահետազոտական աշխատանքի նախնական արդյունքները և կդիտարկիվեն անհրաժեշտ քայլերն այն վերջնական ավարտին հասցնելու համար: Կքննարկվեն նույն թեմայով ընթացիկ աշխատանքի կատարումը, ինչպես նաև հետազոտության ուղեցույցի մշակման հարցերը:

Կքննարկվեն ՁԻԱՀ-ի կենտրոնի նյութատեխնիկական աջակցության և այլ հարցեր:

Մասնակցելով տարածաշրջանային գիտահետազոտական նախաձեռնություններին, Կենտրոնը նաև համալրվում է սարքավորումներով և ստանում թանկարժեք թեստ-հավաքածուներ՝ թեթևացնելով պետական բյուջեի բեռն այս ոլորտում:

Ինստիտուտի աշխատակիցները ևս 3 օր համատեղ կաշխատեն ՁԻԱՀ-ի կենտրոնում: