ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Միջոցառում`նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան

01.12.16

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշ­խար­հային օրվա կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի, ՀՀ-ում ՌՌ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոյի մասնակցությամբ:

Նախարարի տեղակալը միջոցառման մասանիցներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ուղերձը: Խոսվեց ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ձեռքբերումների մասին: Հատկապես կարևորվեց Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի հանձնումը, համաճարակի վերա­դարձը խտացման փուլից նախնականին, ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկո­ղութ­յան բարելավումը, 2001թ. սկսած հանրա­պե­տությունում դոնորական արյան մի­ջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի բացակայությունը: Կարևոր ձեռքբերում է նաև հանրապետության գյուղական և քա­ղա­քային 145 բնակավայրերում բնակչության ամենախոցելի խմբում` միգրանտների և նրանց ընտանիքների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի իրա­կանաց­ումը։ ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաները, բժշկական խմբերը ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայությունները, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտությունը տրամադրում են տեղերում` մեծացնելով դրանց հասանելիությունը հանրապետության բնակչության շրջանում։

«Այս ամենը վկայությունն են այն բանի, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապե­տա­կան կենտրոնն արդյունավետ իր աշխատանքով գտնվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առաջին գծում` համակարգելով առողջա­պա­հա­կան հիմնարկների այդ ոլորտում աշխատանք­ները», - շեշտեց Ս.Մարգարյանը: Նա նաև կարևորեց հաջողություն­նե­րին հասնելու գործում դոնորների և միջազգային կազմակերպությունների զգալի դերը և շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավա­րութ­յանը, Գլոբալ հիմնադրամին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց­յալ ծրագրին և մյուս գործընկերներին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին աջակ­ցե­լու համար:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վոլինկինը, խոսելով ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության աջակ­ցության ծրագ­րի մասին, նշեց, որ Հայաստանին նվիրաբերվել է երկրորդ շարժական բու­ժախ­տորոշիչ կլինիկան, որի շնորհիվ է՛լ ավելի է բարձրացել մարզերում գյուղական և քաղաքային համայնքներում միգրանտներին և նրանց զուգընկերներին տրամադրվող ծառա­յութ­յուն­ների ծավալը: Նա նաև նշեց, որ ՌԴ աջակցության ծրագրի շրջանակում, որը շարունակվելու է մինչև 2018թ. ներառյալ, նախա­տես­վում է նաև ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հետ գիտահետա­զո­տա­կան աշ­խա­տանքների հա­մատեղ իրականացում: Իր ելույթի ավարտին դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը ծրագրին աջացկելու համար, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուց­չությանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրին և ոչ պետական հատվածի նրանց գործընկեր ՍՊԻԴ ինֆոսվյազ հիմնադրամին, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավարությանն ու աշխատակիցներին արդյունավետ ու արհեստավարժ աշխատանքի համար:

                    

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բ.Բուզետոն շնոր­հավորեց Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած եվրոպական տարա­ծա­շրջանում առաջին, և աշխարհում երկրորդ երկիրը դառնալու կապակցությամբ: Այնուհետև խոսեց Կայուն զարգացման ծրագրի նպատակներից մեկի՝ մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի վերացման մասին՝ նշելով, որ դա արտացոլվել է նաև 2016թ. հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նիստի ժամանակ ՄԱԿ-ի անդամ պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի կողմից ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրում, որով երկրները պարտավորվել են հակազդման միջոցառումների արագացման միջոցով հասնել «90-90-90» թիրախներին: Վերջում նա վստա­հություն հայտնեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման նոր ազգային ծրագիրը բավականին հավակնոտ լինելով՝ հնարավորություն կտա Հայաստանին արագացնելու միջոցառումների իրականացումը և մինչև 2030թ. վերացնելու ՁԻԱՀ-ի համաճարակը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և Հայաստանի Հանրապե­տութ­յու­նում, խոսեց աշխար­հում, տարածաշրջանում և ՀՀ-ում համա­ճա­րակի զարգացման մի­տում­ների ու դրան հակազդման հնարավորություն­ների մասին:

Միջոցառման շրջանակում ՌԴ կողմից Հայաստանին նվիրա­բեր­ված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում Ս.Մարգարյանը, Ի.Վոլինկինը, Բ.Բուզետտոն, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ անցան ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հե­տազոտություն՝ դրանով շեշտելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորությունը: