Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ԱԵԿԱ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի մասնագետների զեկույցները

25.03.16

Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները:

Համաժողովի առաջին օրը՝ մարտի 23-ին, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Ա.Պապոյանը ներկայացրեց «Համալիր բժշկական ծառայությունների տրամադրումը որպես աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման և հետազոտությունների ծավալի ընդլայնման գործուն մոդել» զեկույցը:

Ա.Պապոյանը խոսեց ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման առանձնա­հատ­կությունների մասին՝ նշելով միգրացիոն գործոնի զգալի ազդեցությունը վերջին տարի­ներին արձանագրվող ՄԻԱՎ վարակի դեպքերի ընդհանուր թվում: Նշեց նաև, որ միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում իրականացված կանխարգելիչ միջոցառումները, այն է՝ միգրանտներին և նրանց զուգընկերներին բժշկական ծառայությունների փաթեթի տրամադրումը, որը ներառել է ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ և Ց-ի, սեռավարակների վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, բժշկի խորհրդատվություն, ապացուցել են իրենց արդյունա­վետությունը:

Նույն օրը Կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Է.Հովհաննիսյանը ներկայացրեց բուժման կասկադի վերլուծությունը ՀՀ-ում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից սահմանված «90-90-90» նպատակներին հասնելու տեսանկյունից: Նա նշեց, որ նշված նպատակներին հասնելու հիմնական գործողությունները պետք է ուղղված լինեն նպատակային հետազոտության ծածկույթը մեծացնելուն, հետազոտության վերաբերյալ մոտեցումների հնարավոր վերանայմանը և ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայություններին դիմելիության մեծացմանը:

Համաժողովի առաջին օրը ելույթ ունեցավ նաև մոնիտորինգի մասնագետ Ռ.Հովհաննիսյանը, որը խոսեց ՀՀ-ում հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում ռիսկային վարքագծի ու ՄԻԱՎ-ի, սեռավարակների տարածվածության և մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ վարակի, սեռավարակների տարածվածության փոփոխության միտումների մասին։ Համաժողովի երրորդ օրը՝ մարտի 25-ին, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի բժիշկ-մանրէաբան Ա.Պետրոսյանը հանդես եկավ «Հայաստանում հակառետրովիրուսային բուժում չստացող հիվանդների շրջանում ՄԻԱՎ1-ի դեղակայունության գենետիկական տեսակների և մուտացիաների տարածվածությունը» զեկույցով: 

Զեկույցում արտացոլվել են հետազոտության հիմնական խնդիրները, մեթոդաբանությունը, արդյունքները և ստացված արդյունքներից բխող եզրակացությունները: