Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ԱԵԿԱ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Ս.Գրիգորյանի զեկույցները

25.03.16

Ս.թ. մարտի 23-ից 25-ը ք.Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկավ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Ս.Գրիգորյանը։

Համաժողովի առաջին օրը` մարտի 23-ին «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում միջազգային զարգացմանը աջակցության փորձն ու հեռանկարները» խորագրով զուգահեռ նիստի ժամանակ Ս․Գրիգորյանը հանդես եկավ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում միջազգային զարգացմանը աջակցության տարածաշրջանային նոր մեխանիզմները ՀՀ-ում ազգային ռազմավարությունների իրականացման գործում» զեկույցով: Նա ներկայացրեց ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանը Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի խնդիրները, նպատակները, հիմնական ուղղությունները, միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շրջանում իրականացված կանխարգելման միջոցառումները: Մասնավորապես, Ս.Գրիգորյանը խոսեց Մոսկվայի առաջատար կլինիկաներում և ինստիտուտներում ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերի վերաբերյալ հայաստանցի մասնագետների վերապատրաստման դասընթացներ անցնելու, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի ենթակառուցվածքների զարգացման ու սարքավորումներով հագեցման, մարզային լաբորատորիաներին նյութատեխնիկական աջակցության, ռուսաստանցի մասնագետների ներգրավմամբ, խորհրդատվությամբ և տեխնիկական աջակցությամբ մշակված նորմատիվային ակտերի և գիտագործնական հետա­զո­տությունների մասին:

Իր զեկույցի ավարտին Ս.Գրիգորյանը նշեց, որ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդ­մանն ուղղված ՌԴ աջակցության ծրագիրը համահունչ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին, արդիական է և աջակցում է ֆինանսավորման այլ աղբյուրներ չունեցող միջոցառումների իրականացմանը, հեռանկարային է` հաշվի առնելով երկրում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման հիմնական միտումները, ուղղված է ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել խոցելի խմբերին, այսինքն` միգրանտներին և նրանց զուգընկերներին, գիտականորեն հիմնավորված է, ունի ՄԻԱՎ վարակի համա­ճարակին հակազդման ոլորտում ներկայումս կիրառվող ժամանակակից տեխնո­լոգիա­ների, մեթոդների վրա հիմնված համակարգային մոտեցում: Ընդհանուր առմամբ, ծրագիրը նպաստում է երկրում ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման համընդ­հանուր հասանելիության ապահովմանը և ազգային ու միջազգային այլ պարտավո­րությունների կատարմանը:

Ս.Գրիգորյանը մարտի 23-ին համանախագահում էր «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն. ժամանակակից մոտեցումներ» զուգահեռ նիստը, որի ժամանակ նաև հանդես եկավ զեկույցով: Այն նվիրված էր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտության ռազմավարությանը, ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշման ու ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից սահմանված «90-90-90» հավակնոտ թիրախներին հասնելու գործում դրա ազդեցությանը:

Բանախոսը ներկայացրեց ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը, 2012-2015թթ. արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերի վերլուծությունը՝ ըստ հետազոտության դրդապատճառների, ախտորոշման ժամանակ իմունային համակարգի կարգավիճակի և մի շարք այլ ցուցանիշների, խոսեց ուշացած ախտորոշման հնարավոր պատճառների և հետազոտության ընդլայնման հնարավորությունների մասին: Վերջում լսարանին ներկայացվեց ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշման բարելավմանն ուղղված հնարավոր քայլերը: