Голосование

Может инфицированный ВИЧ человек иметь здоровый вид?


Глобальное сотрудничество в борьбе с ВИЧ/СПИДом: "Ценна каждая жизнь"

28.03.16

ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. «ԱՐԺԵՔԱՎՈՐ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՅԱՆՔ»

 «Առողջապահության լրատու»-ի հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյանը

 

Վերջերս Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված համաժողովի 79 երկրների 2460 պատ­վիրակների շարքում էր նաև Հայաստանի պատվիրակությունը: Համաժո­ղովը որքանով է համահունչ «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» կարգախոսին, որն էր մեր պատվիրակության գլխավոր առաքելությունը:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված համաժողովներ անցկացվում են պարբերաբար սկսած 2006 թվականից, այսինքն՝ այս ավանդույթն ունի արդեն 10 տարվա պատմություն։ Մարտի 23-ից 25-ը կայացած համաժողովը հինգերորդն էր: Համաժողովի 10 պաշտոնական պատվիրակությունների թվում էր նաև ինը հոգուց բաղկացած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, որը գլխավորում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գ.Միրիջանյանը:

Համաժողովին մասնակցում էին քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, միջազգային կազմակերպությունների ղեկա­վար­ներ, կրոնական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ պետություններից, Արևելյան Եվրոպայի և Կենտրո­նական Ասիայի և այլ տարածաշրջանների երկրներից:

Համաժողովի օրերին մասնակիցները գնահատեցին ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի ոլոր­տում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի սահմանած նպատակներին հաս­նելու ուղղությամբ տարածաշրջանային առաջըն­թացը, քննարկեցին Արևելյան Եվրո­պայի և Կենտրոնական Ասիայի երկրներում դրանց հասնելու համար առաջնահերթ միջո­ցա­ռումները, փոխա­նա­կեցին ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի լավագույն փորձը` դրանով իսկ ամրապնդելով համաճարակին հակազդման գործում տարածաշրջանային համա­գոր­ծակ­ցությունը: Համաժողովի արդյունքների հիման վրա ընդունվեց ամփոփիչ հայտարարություն, որով մասնակիցները դիմեցին տարածաշրջանային երկրների կառավարություններին, միջազգային, կրոնական կազմակերպություն­ներին, բիզնես հանրությանն ու քաղաքացիական հասարա­կութ­յանը` կոչ անելով ներդնել առավելագույն ջանքեր 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ դնելու համար:

Այս համաժողովում ևս, ինչպես և նախորդ համաժողովներում, Հայաստանն ունեցավ ծանրակշիռ մասնակցություն: Մեր ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են համաժողովի ծրագրի նախապատրաստմանը, իրենց ներդրումն ունենալով կազմկոմիտեի և «Աջակցություն միջազգային զարգացմանը» ծրագրային կոմիտեի աշխատանքներում:

Համաժողովի տարբեր նիստերի ժամանակ, որոնք ընթացան «Գիտություն և բժշկություն», «Աջակցություն միջազգային զարգացմանը», «Քա­ղա­քա­ցիա­կան հասարա­կութ­յուն» ընդհանուր խորագրերով, զեկուցումներով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գ․Միրիջանյանը, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի մասնագետները, ընդհանուր առմամբ ունենալով 7 զեկույց, որոնց ընթացքում ներկայացվեցին ՄԻԱՎ վարակին հակազդման գործում ՀՀ փորձը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացման գործում Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի դերը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ռազմավարության նշանակությունը «90-90-90» թիրախներին հասնելու գործում, աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանախարգելման և թեստավորման ընդլայնման գործում համալիր բժշկական ծառայությունների տրամադրման դերը, ՀՀ-ում թիրախներին հասնելու տեսանկյունից ախտորոշման, դիսպանսերային հսկողության և բուժման ցուցանիշների վերլուծությունը, ՄԻԱՎ-ի գենետիկական տեսակների և դեղակայունության մուտացիաների տարածվածությունը ՀՌՎ բուժում չստացող հիվանդների շրջանում, ռիսկային վարքագիծ ցուցաբերող խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի, սեռավարակների տարածվածությունն ու փոփոխության միտումները։

Բացի այդ, տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում կայուն զարգացման նպատակների իրականացման հեռանկարներին ու հնարավորություններին նվիրված պանելային քննարկման ընթացքում ես ներկայացրեցի մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ դնելու ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի սահմանած հավակնոտ թիրախներին հասնելու հիմնական նախապայմանները երկրների մակարդակով, իսկ կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված էր միգրանտների բժշկասոցիալական ադապտացման խնդիրներին, անդրադարձա հյուրընկալող երկրներում աշխատանքային միգրանտներին ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիության ապահովման անհրաժեշ­տությանն ու դրան հասնելու հնարավոր քայլերին:

Համաժողովի անցկացման օրերին գործող ցուցահանդեսում ներկայացված էր ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու միջոցառումները լուսաբանող 5 պաստառ։ Համաժողովի թեզիսների ժողովածուում տպագրվել է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի մասնագետների հեղինակությամբ 20 գիտագործնական հոդված:

Մեր հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված աջակ­ցության ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրեց թվով երկրորդ շարժական բուժախտորոշիչ համալիրը: Այն որքանով կնպաստի մեզ մոտ այդ հիվանդության վաղ հայտնաբերման և ժամանակին բուժում իրականացնելու առումով:

Ռուսաստանի Դաշնու­թ­յան աջակցության ծրագրի շրջա­նակնե­րում ձեռք բերված երկրորդ շար­ժական կլինիկայի հանձնման հան­դիսավոր արարո­ղու­թյանը, որը տեղի ունեցավ համաժողովի առաջին օրը, մասնակցում էին Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Ա.Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Մ.Սիդիբեն, ՌԴ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների բաժնի ղեկավար Ա.Բոկարեվը, ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամները:

Նախորդ համաժողովի ժամանակ նվիրաբերված նմանատիպ շարժական կլինիկայի շահագործման շնորհիվ զգալիորեն ավելացավ գյուղական համայնքներում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվողների թիվը՝ նպաստելով ՄԻԱՎ վարակի հայտնա­բերման բարելավմանը միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում: Այս շարժական կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտների հետ կապված ծառայութ­յուն­ները դրանց կարիքն ունեցողներին, կօգնի էլ ավելի մեծացնելու խորհրդատվության ու հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը: Շարժական կլինիկան օգտագործվելու է Հայաստանի մարզերում խոցելի բնակ­չությանը, մասնավորա­պես աշ­խա­տանքային միգ­րանտ­ներին ու նրանց ընտա­նիք­ներին ան­վճար հիմունք­ներով ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայութ­յուններ տրա­մադրելու համար՝ պահ­պա­նե­լով կամավորության ու գաղտ­նիության սկզբունքները:

Հայտնի է, որ մոսկովյան համաժողովի ընթացքում ՀՀ ԱՆ, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Սպիդ ինֆոսվյազ» հիմնադրամի միջև ստորագրվեց փոխընբռնման և համագործակցության եռակողմ համաձայնագիր: Կուզեինք մի քանի խոսքով մանրամասնել, թե որն է այդ համաձայնագրի բուն էությունը, որքանով է այն շահեկան հայկական կողմի համար:

Համաձայնագրի նպատակը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին ՌԴ աջակցության ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից միգրանտների շրջանում իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների բարելավմանն գործում արդյունավետ համա­գործակցության ընդլայնումն է։ Ըստ դրա՝ կշարունակվի շարժական կլինիկաների միջոցով ՀՀ մարզերում համայնքների բնակիչների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրումը ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթում, այդ թվում՝ վիրուսային հեպատիտներ Բ, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, ուլտրաձայնային հետազոտութ­յունները, բժշկական խորհրդատվությունն ու անհրաժեշտության դեպքում՝ ուղեգրումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարբեր կազմակերպություններ հետագա հետազոտման և բուժման նպատակով։ Ի դեպ իրականացվող հետազոտություններն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերմանն ու ժամանակին բուժման տրամադրմանը, ինչն իր հերթին ունի անմիջական կանխարգելիչ նշանակություն: